ՈՉՆՉԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն արդեն պատրաստ են, եւ, ինչպես միշտ, նույն երեւույթի հետ գործ ունենք. թվերը վկայում են, որ տնտեսությունը հոգեվարք է ապրում, բայց պաշտոնական վիճակագիրները, միեւնույն է, տնտեսական աճ են նկարում:

Այսպես, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա առաջին կիսամյակի արդյունքների՝ առեւտրի շրջանառությունը, անցած տարվա առաջին կեսի համեմատ, նվազել է 8,2 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով գնաճը կազմել է 5,1 տոկոս, ապա ստացվում է, որ առեւտրի շրջանառության անկումն իրականում կազմել է ավելի քան 13 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում բնակվող մարդիկ այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա համեմատ, 13 տոկոսով քիչ առեւտուր են արել: Բնականաբար լավ կյանքից չէ, որ մարդիկ իրենց առեւտրի ծավալները կրճատել են, եւ ինքնին հասկանալի է, որ եթե տնտեսությունն աճեր, եւ մարդկանց եկամուտները գոնե չնվազեին, ապա առեւտրի ծավալներն անցած տարվա հետ համեմատած ոչ միայն չէին նվազի, այլեւ գնաճի հաշվին նույնիսկ կաճեին: Սակայն, ինչպես նշեցինք, առեւտրի ծավալները նվազել են: Բայց դա պաշտոնական վիճակագիրներին չի խանգարել, որպեսզի նրանք առաջին կիսամյակի արդյունքներով 3,8 տոկոս տնտեսական աճ ապահովեն: Հիշում եք, չէ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա մայիսի 21-ի Կառավարության նիստում ինչ «հանձնարարական» էր տվել. նա ասել էր, որ տնտեսական աճ պետք է լինի, այն էլ 2-3 տոկոս: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ԱՎԾ-ն գերակատարել է վարչապետի «հանձնարարականը»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 613 միլիարդ 639 միլիոն դրամ, այս ցուցանիշը անցած տարվա տվյալից ավել է 5,1 տոկոսով: Բայց ինչպես արդեն նշել ենք՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի գնաճը, անցած տարվա համեմատ, կազմել է հենց 5,1 տոկոս: Այսինքն՝ ֆիզիկական արտահայտությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալները չեն ավելացել, աճը տեղի է ունեցել զուտ գնաճի հաշվին:
Շինարարության ծավալները ներկա գնային արտահայտությամբ, անցած տարվա համեմատ, մնացել են նույնը, այսինքն՝ կարելի է ասել, որ շինարարության ոլորտում եւս անկում է տեղի ունեցել, բայց գնաճի հաշվին թվային պատկերը մի փոքր բարելավվել է: Թերեւս միակ աճը, որն իրական կյանքում առկա է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ավելացումն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, անցած տարվա համեմատ, ավելացել է 14,5 տոկոսով: Այսինքն՝ այն փաստը, որ այս տարվա բնակլիմայական պայմանները գյուղատնտեսության համար բարեհաճ էին, պաշտոնական վիճակագիրներին հնարավորություն է տվել գոնե այս ոլորտում իրական աճ արձանագրել: Միայն ծիրանի առատ բերքն այդ խնդիրը թերեւս լուծել է:
Ի դեպ, ինչպես հայտնի է՝ վերջին երկու ամիսներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հայտարարում էր, որ տարվա երկրորդ կեսին տնտեսության վիճակը շտկվելու է, քանի որ ինչ-որ ծրագրեր են իրականացվում, եւ դրանք պետք է սկսեն իրենց արդյունքը տալ: Սակայն տնտեսության մեջ սպասվող այդ ակտիվացումը ինչ-որ չի նկատվում: Հայաստանում կյանքը շարունակվում է սովորական հունով՝ ինքնահոսի, ինչպես, ասենք, անցած կամ նախանցած տարի: Ամեն օր կարելի է հանդիպել այս կամ այն ձեռնարկության փակման կամ սննկացման մասին լուրերի: Երեւանի կենտրոնական փողոցներով քայլելիս ամեն քայլափոխին կարելի է հանդիպել դատարկված գրասենյակային տարածքների, որոնք կա՛մ վաճառվում են, կա՛մ էլ վարձով են տրվում:
Հայաստանի տնտեսական կյանքում միակ նորությունն այն է, որ վերջին ամիսներին ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի նոր վարկեր է վերցրել տարբեր միջազգային կազմակերպություններից: Իսկ թե ինչ արդյունք կտան այդ գումարները, ցույց կտա ժամանակը: Մեկ բանում կարելի է վստահ լինել՝ պաշտոնյաների եւ հատկապես Կառավարության անդամների ունեցվածքն այդ վարկերի շնորհիվ հաստատ կավելանա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԵԿԵՂԵՑԻՆ «ԿԲԱՑԵՆ»
Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եւս Մոսկվայից ժամանելու է Հայաստան՝ հատուկ այդ արարողությանը ներկա լինելու համար: Ասել է թե՝ իշխանական դաշտում ամեն ինչ առաջվանն է կրկին:

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԵՎՍ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) եւ 12 գիտնական փաստաբաններից: Երեկ փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի փաստաբաններով իրենք եւս համախմբվել եւ առանձին խումբ են ստեղծել ու նույնպես պատրաստվում են քննարկել սահմանադրական փոփոխումների նախագիծը: «Մենք մեր կարծիքն ենք ներկայացնելու համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո, նշելու ենք, թե արդյոք ընդհանրապես անհրաժեշտություն կա սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, թե ոչ»,- ասաց Սահակյանը:

 

ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն դեռեւս հունիսի 15-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովի հարցով նամակ է ուղարկել ՌԴ իրավապահներին: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն ընդունել է մեղքը: Դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրությամբ խնդրել են իրենց հանձնել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության վարույթում քննվող քրեական գործը: Սակայն անցել է մեկ ամիս, բայց ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունն այդպես էլ չեն կարողանում այս խնդրի շուրջ համաձայնության գալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն գրություն է ուղարկել ՌԴ իրավապահներին՝ առաջարկելով իրենց ներկայացնել այն նյութերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ ոչ մի քաղաքացի առնչություն չունի այս գործին, եւ ինչպես է ձերբակալված անձը խոստովանել իր արարքը: Ենթադրվում է, որ այդ գրության պատասխանը ստանալուց հետո Իվան Նովիկովի գործը կփոխանցվի ՌԴ իրավապահներին:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Հուլիսի 22-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա):

 

ԲԱՑԱՏՐԵԼ Է
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամ Հրայր Թովմասյանը երեկ հայտարարել է, թե նոր Սահմանադրությունը շատ շռայլ է ապագա ընդդիմության հանդեպ. «Ընդդիմությունը ունի մի հատ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, բոլոր հանձնաժողովների նախագահների տեղերում ինքը համամասնորեն ներկայացված լինելու իրավունք ունի, ըստ իր տեղերի, ամենակարեւորը, ինքը ունի քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք»: Նա նաեւ նշել է, որ մի շարք կարեւոր օրենքների ընդունման, ՎՊ նախագահի, ՄԻՊ-ի, ԿՀԸ նախագահի, գլխավոր դատախազի եւ այլոց ընտրության հարցում պարտադիր է լինելու խորհրդարանի երեք հինգերորդ քվեների առկայությունը: Այսինքն՝ իշխանությունը պետք է այնպիսի թեկնածու առաջադրի վերոհիշյալ պաշտոններում, որն ընդունելի կլինի նաեւ ընդդիմության մի մասի համար: Իսկ հարցին, թե ինչո՞ւ պետք է առաջին փուլում քաղաքական մեկ ուժին քվե տված մարդը երկրորդ փուլում ընտրի երկու բոլորովին իրեն չհետաքրքրող քաղաքական ուժերի միջեւ, Թովմասյանը պատասխանել է հետեւյալ կերպ. «Առաջին փուլում դուք ընտրում եք պառլամենտ, երկրորդ փուլում դուք ընտրում եք կառավարություն»:

 

ԵԿԵԼ ԵՆ ՏՈՒՆ
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ծրագրին մասնակցում է 13-18 տարեկան 160 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ ՌԴ-ից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Սիրիայից:

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ: Սահակյանը բարձր է գնահատել Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

 

ԷԼ ՉԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
Ինտերպոլը դադարեցրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզումը, BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Յանուկովիչի ընտանիքի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը:

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ դարձյալ լարված վիճակ է եղել: Հակառակորդը Մարտունու եւ Ասկերանի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:




Լրահոս