Պաշտոնական վիճակագրության այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն արդեն պատրաստ են, եւ, ինչպես միշտ, նույն երեւույթի հետ գործ ունենք. թվերը վկայում են, որ տնտեսությունը հոգեվարք է ապրում, բայց պաշտոնական վիճակագիրները, միեւնույն է, տնտեսական աճ են նկարում:
Այսպես, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա առաջին կիսամյակի արդյունքների՝ առեւտրի շրջանառությունը, անցած տարվա առաջին կեսի համեմատ, նվազել է 8,2 տոկոսով: Եթե հաշվի առնենք, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով գնաճը կազմել է 5,1 տոկոս, ապա ստացվում է, որ առեւտրի շրջանառության անկումն իրականում կազմել է ավելի քան 13 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում բնակվող մարդիկ այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա համեմատ, 13 տոկոսով քիչ առեւտուր են արել: Բնականաբար լավ կյանքից չէ, որ մարդիկ իրենց առեւտրի ծավալները կրճատել են, եւ ինքնին հասկանալի է, որ եթե տնտեսությունն աճեր, եւ մարդկանց եկամուտները գոնե չնվազեին, ապա առեւտրի ծավալներն անցած տարվա հետ համեմատած ոչ միայն չէին նվազի, այլեւ գնաճի հաշվին նույնիսկ կաճեին: Սակայն, ինչպես նշեցինք, առեւտրի ծավալները նվազել են: Բայց դա պաշտոնական վիճակագիրներին չի խանգարել, որպեսզի նրանք առաջին կիսամյակի արդյունքներով 3,8 տոկոս տնտեսական աճ ապահովեն: Հիշում եք, չէ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա մայիսի 21-ի Կառավարության նիստում ինչ «հանձնարարական» էր տվել. նա ասել էր, որ տնտեսական աճ պետք է լինի, այն էլ 2-3 տոկոս: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ԱՎԾ-ն գերակատարել է վարչապետի «հանձնարարականը»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 613 միլիարդ 639 միլիոն դրամ, այս ցուցանիշը անցած տարվա տվյալից ավել է 5,1 տոկոսով: Բայց ինչպես արդեն նշել ենք՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի գնաճը, անցած տարվա համեմատ, կազմել է հենց 5,1 տոկոս: Այսինքն՝ ֆիզիկական արտահայտությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալները չեն ավելացել, աճը տեղի է ունեցել զուտ գնաճի հաշվին:
Շինարարության ծավալները ներկա գնային արտահայտությամբ, անցած տարվա համեմատ, մնացել են նույնը, այսինքն՝ կարելի է ասել, որ շինարարության ոլորտում եւս անկում է տեղի ունեցել, բայց գնաճի հաշվին թվային պատկերը մի փոքր բարելավվել է: Թերեւս միակ աճը, որն իրական կյանքում առկա է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ավելացումն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, անցած տարվա համեմատ, ավելացել է 14,5 տոկոսով: Այսինքն՝ այն փաստը, որ այս տարվա բնակլիմայական պայմանները գյուղատնտեսության համար բարեհաճ էին, պաշտոնական վիճակագիրներին հնարավորություն է տվել գոնե այս ոլորտում իրական աճ արձանագրել: Միայն ծիրանի առատ բերքն այդ խնդիրը թերեւս լուծել է:
Ի դեպ, ինչպես հայտնի է՝ վերջին երկու ամիսներին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հայտարարում էր, որ տարվա երկրորդ կեսին տնտեսության վիճակը շտկվելու է, քանի որ ինչ-որ ծրագրեր են իրականացվում, եւ դրանք պետք է սկսեն իրենց արդյունքը տալ: Սակայն տնտեսության մեջ սպասվող այդ ակտիվացումը ինչ-որ չի նկատվում: Հայաստանում կյանքը շարունակվում է սովորական հունով՝ ինքնահոսի, ինչպես, ասենք, անցած կամ նախանցած տարի: Ամեն օր կարելի է հանդիպել այս կամ այն ձեռնարկության փակման կամ սննկացման մասին լուրերի: Երեւանի կենտրոնական փողոցներով քայլելիս ամեն քայլափոխին կարելի է հանդիպել դատարկված գրասենյակային տարածքների, որոնք կա՛մ վաճառվում են, կա՛մ էլ վարձով են տրվում:
Հայաստանի տնտեսական կյանքում միակ նորությունն այն է, որ վերջին ամիսներին ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի նոր վարկեր է վերցրել տարբեր միջազգային կազմակերպություններից: Իսկ թե ինչ արդյունք կտան այդ գումարները, ցույց կտա ժամանակը: Մեկ բանում կարելի է վստահ լինել՝ պաշտոնյաների եւ հատկապես Կառավարության անդամների ունեցվածքն այդ վարկերի շնորհիվ հաստատ կավելանա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ