2009թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ-ի Պետդեպին ուղարկած զեկուցագրում նկարագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրությունը: Հեղինակը քննարկում է Հայաստանում ներդրումների նպատակահարմարության հանգամանքը՝ պնդելով, որ Կառավարության՝ թափանցիկ գործունեության մասին խոստումները գործնականում իրականություն չեն դառնում: Յովանովիչը շեշտում է, որ տնտեսական մրցակցությունը Հայաստանում խեղդվում է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների կողմից: Դեսպանը նաեւ նկատում է, որ Հայաստանում կոռուպցիան ծաղկում է ապրում, որին աջակցում է պետության բարձրագույն ղեկավարությունը:
Այսպես՝ դիվանագետը նախ եւ առաջ արձանագրում է, որ մինչ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես հրավիրում է արտասահմանյան ներդրողներին Հայաստան, եւ երկիրը բարձր դիրքեր է ստանում որոշ համաշխարհային վիճակագիրների կողմից, ներդրումային կլիման Հայաստանում իրականում ենթակա է բազում կարեւոր սպառնալիքների: Այդ համատեքստում զեկուցագիրը ավելացնում է, որ Հայաստանի առաջ ծառացած բոլոր կարեւոր խոչընդոտները գերազանցապես վերաբերում են կոռուպցիային: Նրա մատուցմամբ՝ Հայաստանի ունեցվածքը հանդիսացող ակտիվների մեծագույն մասի սեփականացումը տեղի չի ունեցել մրցակցային կամ թափանցիկ եղանակով եւ քաղաքական որոշումները մեծ մասամբ խաթարել են Հայաստանի պարտավորությունները մաքուր տենդեր անցկացնելու հարցում: Ավելին՝ Հայաստանում ներդրումներ անելու համար բաց թվացող օրենսդրությունը ստվերվում է անարդար աճուրդներով եւ հովանավորչությամբ: Դեսպանը հղում անելով իր ստացած տեղեկություններին՝ հավելում է, որ հնչեցված մի քանի դեպքերը՝ փաստացի չարաշահումները կոնկրետ ներդրողների կողմից, պարզ ծածկադմբոցի են վերածվել Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Հենց այսպիսի գործելակերպն է դիվանագետը համարում պետության տապալումը արդար հետաքննություն ապահովելու գործում: Արդյունքում արդարադատության բացակայությունը պարզապես քայքայել է պետության երաշխավորության դերակատարությունը հավասար վերաբերմունքի ու թափանցիկության հարթակներում: Ակնհայտորեն ամերիկացի դիվանագետը լիովին տեղեկացված է Հայաստանում տիրող մթնոլորտից եւ իր զեկուցագրում մերկացնում է իշխանությունների իրական գործունեությունը: Յովանովիչը փաստացիորեն ամբողջովին ընկալում էր Հայաստանում հաստատված արատավոր համակարգի տրամաբանությունը եւ հավանաբար մտքում մշտապես ծիծաղում էր իր առաջ սեթեւեթող ու բարեփոխումներ խոստացող պաշտոնյաների վրա:
Հեղինակը ավելացնում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության թափանցիկության մասին կարելի է վերապահումներով խոսել: Ըստ նրա՝ գործարարների խիստ փոքր խումբը տիրապետում է բազմաթիվ բնագավառներին ու ճնշում է մրցակցությունը երկրում: Գործարարության ոլորտում տիրող վիճակը, նրա կարծիքով, ավելի է բարդանում հատկապես անհամաչափ հարկման ու մաքսային վճարների շնորհիվ: Այդ գործոններն էլ առաջնահերթորեն ազդում են առեւտրի ոլորտի վրա, որտեղ արդար մրցակցությունը վերանում է մանր ու միջին բիզնեսի ու շուկա մտնել փորձող գործարարների համար: Այսօրինակ զեկուցագրով հօդս են ցնդում իշխանությունների՝ ներդրումները խրախուսող ու արդար մրցակցություն խոստացող ելույթները, քանզի հազիվ թե սեփական դիվանագետի նման մեկնաբանությունից հետո որեւէ Կառավարություն խորհուրդ տա իր երկրի գործարարին Հայաստանում ներդրումներ կատարել:
Ներկայացնելով քաղաքական իրադրությունը՝ դեսպանը հայտնում է, որ Հայաստանում 2008թ. վիճելի նախագահական ընտրություններին հաջորդել էին 10-օրյա խաղաղ նստացույցեր, որոնք ընդհատվել էին միայն Կառավարության բռնության շնորհիվ՝ հանգելով արտակարգ դրության ու 10 քաղաքացու մահվան: ԱՄՆ դեսպանը այս գրառմամբ հստակորեն ցույց է տալիս, որ ուղղակի չի հավատում ՀՀ իշխանությունների այն պնդումներին, թե իբր ընդդիմության ցույցերը խաղաղ չեն եղել: Իսկ, ահա, քաղբանտարկյալների հարցին անդրադառնալիս Յովանովիչը հայտնում է, որ նրանք գերազանցապես ձերբակալված են կասկածելի արդարադատության հիման վրա: Նա հավելում է, որ Կառավարությունն իր բոլոր լծակներն օգտագործել է՝ վրեժխնդիր լինելու համար այն ընդդիմադիր գործարարներից որոնք աջակցել են ընդդիմությանը: Այսպիսի ձեւակերպումները պարզապես վիրավորանք կլինեին ժողովրդի քվեն իրականում ստացած իշխանության համար, մինչդեռ ՀՀ ղեկավարությունը մազաչափ անգամ չի մտահոգվում, քանի դեռ սպառնալիք չկա իրենց ունեցվածքին:
Ամփոփելով Յովանովիչը արձանագրում է, որ Հայաստանում ամերիկյան ներդրումների համար կարեւոր խոչընդոտը շարունակում է մնալ կոռուպցիան: Նրա պնդմամբ՝ Հայաստանի Կառավարությունը բազմաթիվ հակակոռուպցիոն օրենքներ է ընդունել, ռազմավարություն մշակել, տարատեսակ խորհուրդներ ու այլ մարմիններ ձեւավորել՝ այդ չարիքի դեմ պայքարելու համար, սակայն կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ այնպիսի ոլորտներում ինչպես դատական, հարկային ու մաքսային, առողջապահության, կրթության ու իրավական դաշտերն են: Դեսպանը քաջատեղյակ է, որ մանր կոռուպցիան էլ իր հերթին է լայնամասշտաբ բնույթ կրում հասարակության ստորին օղակներում: Բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների եւ մասնավոր բիզնեսի միջեւ կապն ու համագործակցությունը երկու կողմի համար էլ ֆինանսական օգուտներ են ապահովում: Դիվանագետը գիտի, որ պետական բոլոր ոլորտների ուժեղ պաշտոնյաները տիրապետում են տնտեսական ակտիվների ու անուղղակիորեն կառավարում են իրենց մասնավոր բիզնեսը: Այս ամենից էլ զեկուցագիրը բխեցնում է, որ նման պայմաններում խրախուսվում են մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները՝ հանդիսանալով մրցակցության խոչընդոտ ու քայքայելով Կառավարության իմիջը:
Սակայն հազիվ թե Հայաստանի իշխանությունը մտածի իր իմիջի մասին այն դեպքում, երբ խոսք է գնում տնտեսական օգուտներ քաղելու ու ունեցվածքը բազմապատկելու մասին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ