ՀԱԿ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քաղաքականությունը ես ճիշտ չեմ համարում։ Ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծությունն ու դրան հաջորդած անհեռատես քաղաքական սիրախաղերը, համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղումը եւ անհասկանալի ինտրիգների մեջ մտնելն, ի վերջո բերել են նրան, որ առաջիկա քաղաքական ամենակարեւոր միջոցառմանը՝ նախագահական ընտրություններին մոտենում ենք գրեթե ամայացված քաղաքական դաշտով։ Փաստորեն այն, ինչը հալածանքներով, բանտարկություններով ու այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց։ Իշխանությունների վերարտադրման ճանապարհը հնարավորինս մաքրված է։ Եվ այդքանից հետո, երբ բոլորը սպասում էին ՀԱԿ առաջնորդից, գոնե որոշ պարզաբանումներ լսել այս ամենի մասին, հանկարծ պարզվում է, որ նրա միակ ասելիքն այն է, որ իր տարիքի հետ կապված՝ նպատակահարմար չի գտնում առաջադրվել, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչին էլ անմիջապես հետեւում է ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին։ Մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում կտրվում է ժողովրդի վերջին հույսը, փոշիացվում է մեր երկրում առաջինը համարվող ընդդիմադիր ուժը՝ ջարդելով ընդդիմության մեջքը: Սա ես համարում եմ, մեղմ ասած, սխալ քաղաքական հաշվարկի հետեւանք կամ փախուստ մարտի դաշտից։ Որովհետեւ, եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար, միաժամանակ զգոն կպահեր իշխանություններին թե արտաքին ճնշումներին դիմագրավելու եւ թե երկրի ներսում ձեւավորված անբարո բարքերը փոխելու հարցում։ Այժմ, երբ ՀԱԿ-ը հրաժարվում է պայքարից, ի՞նչ պետք է անի այն ժողովուրդը, որը հավատացել է մեզ, երկար ու ձիգ տարիներ պայքարել ու հույսով սպասում էր վաղվա լավ օրվան։
Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ պայքարից հրաժարվելու պատճառն, իմ կարծիքով, ամենեւին էլ առաջնորդի տարիքը չէ, որովհետեւ ընդամենը ամիսներ առաջ, ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ, Լետն Տեր-Պետրոսյանն ակտիվորեն ներգրավված էր նախընտրական պայքարին եւ կարելի է ասել՝ երիտասարդական եռանդով էր դա անում։ Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից։ Եվ եթե անգամ ընդունենք, որ տարիքն է պատճառը, մի՞թե հնարավոր չէր գոնե 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերել։
Ես ամենեւին համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ քաղաքականությունից իր բացակայության ժամանակահատվածում նոր լիդերներ չեն ծնվել։ Ռոբերտ Քոչարյանը, թերեւս այն լիդերն է, որը նրա աճեցրած կադրն է եւ որին հաջողվել է 10 տարվա ընթացքում փոշիացնել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ու եթե այսօր, 21 տարվա անկախության պայմաններում, մեր երկրի երեկվա կամ վաղվա նախագահի օրինակարգությունը համեմատվում է Սադամ Հուսեյնի ու Քադաֆիի օրինակարգության հետ, ապա դրանում մեղավորը ոչ ժողովուրդն է, ոչ էլ Կեւորկովը…
Այժմ, ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին։ Փաստորեն ստացվում է, որ եթե առաջադրվում էր Լետն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ապա պայքարը ավազակապետության կազմաքանդման համար շարունակվում էր, իսկ եթե՝ ոչ, ապա նախագահական ընտրություններին մասնակցելով՝ մենք լեգիտիմացնում ենք վարչախմբի վերարտադրությունը։ Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չէ, եւ կարծում եմ, կնպաստի արտագաղթի ավելացմանը։ Ես չէի կարող այս ամենի մասնակիցը լինել, այդ իսկ պատճառով վերջին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ուղղակի չեմ մասնակցել ՀԱԿ-ի անցուդարձին, սակայն, ես եղել եւ մնալու եմ համաժողովրդական շարժման շարքերում։ Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրական թոհուբոհի հանդարտումից հետո հանգամանալից անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Կարծում եմ, որ դա անիմաստ է, որովհետեւ այս պարագայում ոչ մի ընտրական թոհուբոհ էլ չի լինելու, եւ եթե ասելիք կա, պետք է այսօր ասվի։ Հակառակ դեպքում, այդ նույն հասարակությանն առաջնահերթ կարող են հուզել արդեն Ալթայի երկրամասին վերաբերվող հարցերը։
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ եթե անգամ հարթակում մնա միայնակ, միեւնույն է, շարունակելու է պայքարը։ Այո, հնարավոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարթակը որոշակիորեն նոսրացել է, բայց մեծ հաշվով, դա նույնպես կոնգրեսի ղեկավարության սխալների հետեւանք է եւ ամենեւին չպետք է պատճառ դառնա, որպեսզի դատարկվի հրապարակը։ Այսօր, երբ հրապարակն է դատարկվում, այլեւս վտանգված չե՞ն հայոց պետականությունն ու մեր հաղթանակը։ Ի՞նչ պատասխան ենք մենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ առհասարակ մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին։ Սա՞ է պայքարի վերջը, սրա համա՞ր են զոհվել տղաները։
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Սասուն” ջոկատի հիմնադիր հրամանատար
“Հայկական ժամանակ”