Այսօր հուլիսի 27-ն է։ 1841թ-ի այս օրն է մահացել Միխայիլ Յուրայի Լերմոնտովը՝ ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ։
Լերմոնտովը 1828 թվականից և մինչև 1832 թվականը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»)։
Լերմոնտովը 19-րդ դարի ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ «Վադիմ» (1832-1834) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը։
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։
Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840 թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մցիրի» (1839) և «Դև» (1829-1841) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։1838-1839 թվականներին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։
Վերջին անգամ 1841 թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։