ԻՍԿ ՈՒՐ ԵՆ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍԵԼՖԻՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց, եւ, ի տարբերություն հրադադարի ռեժիմի խախտման նախորդ դեպքերի, այս անգամ ադրբեջանական կողմը օգտագործել էր հրետանային, խոշոր տրամաչափի գնդացրային տեսակի զինատեսակներ, ինչպես նաեւ՝ նռնականետներ: Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չի ունեցել: Անցած տարի, երբ հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, Հայաստանի պաշտոնյաները սկսեցին մեկը մյուսի ետեւից այցելել սահման եւ զինվորական շորերով «սելֆիներ» (ինքնանկար) անել: Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա օրերին մենք նորից ականատես կլինենք պաշտոնյաների «սահմանային սելֆիներին»: Բայց քանի դեռ վտանգը մեծ է, սելֆիներն ուշանում են. նրանք իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին: Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից: Նա կտրականապես հերքեց տեղեկությունները. «Ակնհայտ է, որ դա ապուշություն է, ու ես այն մարդը չեմ, որ ինքնահաստատման փորձ անեմ, դա իմ տեսակին բնորոշ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե ՀՀ իշխանություններն իրենց կուսակցությանը` ՀՅԴ-ին են նման առաջարկով դիմել, պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»: Մի խոսքով, արդարադատության նախարարի պաշտոնը ՀՅԴ-ի տալու լուրերի մասին Մինասյանը կոնկրետ բան չկարողացավ ասել:

 

 

 

 

Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ՌԴ իրավապահների միջեւ ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին: Մասնավորապես պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որեւէ այլ պարտավորություն չունի եւ ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի:

 

 

 

Տարիներ շարունակ շահութաբեր գործունեություն ապահոված ընկերությունների եւ ձեռնարկությունների սնանկացման լուրերը վերջին շրջանում Հայաստանում դարձել են սովորական երեւույթ: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն հերթական սնանկացած ընկերությունն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է Երեւանի թիվ 30 եւ թիվ 67 միկրոավտոբուսային երթուղիների շահագործմամբ: Ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Ընկերությունը ցանկանում է գույքը վաճառել, որպեսզի գոյացած գումարներով մարի պարտքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող «Արշակյան եղբայրներ» ընկերությունը դեռեւս անցած տարվա փետրվարի 25-ին դիմել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով, եւ այժմ այդ գործընթացը հասել է իր վերջին` գույքի օտարմամբ պարտքերի մարման փուլին:

 

 

 

 
ՈՉ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, բացի ամենակարեւոր փոփոխությունից, խորհրդարանական համակարգին անցում կատարելուց, առկա են բազմաթիվ խնդրահարույց նորամուծություններ, որոնք ոչ պակաս նշանակություն կարող են ունենալ երկրում ժողովրդավարության ամրապնդման հետագա ընթացքի համար:
Այդպիսի վիճահարույց դրույթներից է նոր նախագծի 23-րդ հոդ.. 2 կետը, որով փաստորեն, մարդուն կյանքից զրկելը որոշ դեպքերում սահմանադրականացվում է: «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,-նշված է նախագծում: Նկատենք, որ գործող սահմանադրության 15-րդ հոդ.. ամրագրված է «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի» իմպերատիվ դրույթը` առանց որեւէ բացառության: Թե ինչպիսի խայտառակ հետքայլ է սա, թերեւս բացատրելու կարիք չկա: Բավական է միայն նշել, որ եթե, օրինակ, 2008-ին գործեր առաջարկվող Սահմանադրությունը, ապա Մարտի 1-ին 10 հոգու գնդակահարությունը հնարավոր կլիներ ներկայացնել որպես սահմանադրորեն թույլատրված:
Ժողովրդավարական արժեհամակարգից հաջորդ ցցուն հետքայլը հավաքների ազատության մասին նախագծի 43-րդ հոդվածն է, որտեղ ամրագրված է. «օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա»: Այն դեպքում, երբ, օրինակ, գործող Սահմանադրության 29-րդ հոդվածում բացակայում է «իրազեկման հիման վրա» պարտավորեցնող արտահայտությունը, եւ համապատասխան օրենքով էլ ընձեռվում է ինքնաբուխ հավաքների հնարավորությունը, որոնց ժամանակ իրազեկման անհրաժեշտություն չկա: Եվ հիմա նոր նախագծի ընդունման դեպքում վերանում է ինքնաբուխ հավաքների անցկացման հնարավորությունը, մի բան, որից օգտվելով՝ հնարավոր եղավ Բաղրամյանի պայքարը:
Առաջարկվող նախագծի հաջորդ «ականը» 73-րդ հոդվածն է օրենքների հետադարձ ուժի մասին: Այս դեպքում էլ ներմուծված է հերթական բացառությունը. «Այն օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, կարող են բացառության կարգով հետադարձ ուժ ունենալ, եթե անձի վստահության իրավունքը դրան չի խոչընդոտում»: Եվ նորից` գործող Սահմանադրությունն այդ առումով անհամեմատ ավելի մարդակենտրոն է եւ սահմանում է, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չեն կարող ունենալ եւ վերջ:
Նմանատիպ ակնհայտ հետքայլեր են առկա նաեւ անձի սեփականության իրավունքին վերաբերող 58-րդ եւ մի շարք այլ հոդվածներում:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ առաջարկվող նախագծում առկա են պարզապես անընդունելի փոփոխություններ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հարցում: Եվ այսքանից հետո հեղինակների պնդումը, թե նոր Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն է, պարզապես ժպիտ է առաջացնում:




Լրահոս