ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՀԵՐԹԸ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի դատական վեճը նոր երանգներ է ստանում: Նախօրեին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել է դատարանում պաշտպանել լրատվամիջոցին: Օրաթերթի լրագրող Սյուզաննա Սիմոնյանն ասել է, որ փաստաբանն այդ քայլին գնացել է ճնշումների պատճառով:

«Ժողովուրդ»-ը փաստաբանի վարքագծի, ինչպես նաեւ նրա նկատմամբ գործադրվող ճնշումների մասին զրուցեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, ինչպես գիտեք՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, դատարան է դիմել` պահանջելով «Հրապարակ» օրաթերթից ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ օրաթերթի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել է պաշտպանությունից: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու է փաստաբանը դիմել այս քայլին:
-Փաստաբաններն ազատ եւ անկախ մասնագետներ են: Նրանք անկախ են նաեւ փաստաբանների պալատից: Փաստաբաններն իրենք են որոշում, որ գործերը վերցնեն, ինչպես վարեն իրենց գործերը, որքան սահմանեն հոնորարների չափերը: Միակ պարտականությունը, որը դրված է փաստաբաններիս վրա, դա փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը չխախտելն է: Հետեւաբար չեմ փորձել ճշտել, թե ինչու է փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել իր վստահորդից:
-Երեկ Armlur.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Սիմոնյանը նշել էր, որ փաստաբանի` գործից հրաժարվելու հանգամանքը կապված է նրա վրա գործադրված ճնշումների հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում դա, ըստ Ձեզ՝ ճնշումները կարո՞ղ էին փաստաբանին ստիպել նման որոշում կայացնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպես փաստաբանների պալատի նախագահ, ին՞չ եք պատրաստվում անել, ի վերջո, դա փաստաբանի «պահվա՞ծք» էր:
-Փաստաբանների պալատը պարտավոր է պաշտպանել փաստաբաններին: Մեր փաստաբանական համայնքը այդ հարցում շատ միահամուռ է: Համայնքը պատրաստ է կանգնել պաշտպանության կարիք ունեցող փաստաբանի կողքին: Նույնիսկ գործերով մրցակից փաստաբանները գիտակցում են, որ վաղը կարող է իրենց հերթը լինի «ճնշման» ենթարկվելու: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը լուրջ երաշխիքներ է սահմանել փաստաբանի պաշտպանության համար, իսկ փաստաբանները գիտեն ինչպես օրենքից օգտվել: Փաստաբան Տիգրան Ավետիսյանի հետ անձամբ խոսել եմ: Տիգրան Ավետիսյանը հայտնել է, որ նրա նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել: Ի վերջո, իրավաբանական օգնություն տրամադրելու պայմանագրից հրաժարվելու հիմքերը նախատեսված են ինչպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
-Վերջին շրջանում հաճախ ենք նկատում, որ փաստաբանները հրաժարվում են այս կամ այն գործից: Օրինակ՝ Թամարա Յայլոյանը եւս հրաժավել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպանությունը ստանձնել: Ըստ Ձեզ՝ եթե մի դեպքում վախեցնում են, կամ մյուս դեպքում հուզմունքը թույլ չի տալիս գործով զբաղվել, արդյո՞ք դա չի խոսում մասնագիտական ոչ բավարար պատրաստվածութան մասին, արդյո՞ք այսպիսի փաստաբանների գործունեությունը չի ստվերում Ձեր կառույցի հեղինակությունը:
-Եթե փաստաբանը հրաժարվում է իրավաբանական օգնություն տրամադրել իր վստահորդին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված իրավաբանական օգնություն տրամադրելուց հրաժարվելու հիմքերից դուրս, ապա դա հիմք է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Փաստաբան Թամարա Յայլոյանի մասով կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ կարգապահական գործը դեռ չի ավարտվել: Չեմ կարծում, որ մասնավոր դրսեւորումները կարող են ազդել փաստաբանական համայնքի հեղինակության վրա: Յուրաքանչյուր դեպքի վերջնական գնահատականը տալիս է փաստաբանների պալատի խորհուրդը, որպես կարգապահական վարույթ իրականացնող մարմին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿՆԵՐԱՌՎԵՆ
Առաջիկայում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում կներառվեն զինվորական քննչական գլխավոր վարչությունը եւ կայազորային քննչական բաժինները, որոնք ձեւավորվելու են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հենքի վրա: Այս նախագիծը այսօր Կառավարություն կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: Սա ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության նախորդ տարվա կայացրած որոշման համաձայն` ՀՀ քննչական կոմիտեին են ամրացվում ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված եւ ՊՆ քննչական ծառայության կողմից օգտագործվող մի շարք վարչական շենքեր, ինչպես նաեւ հաստատվում է այն գույքի, մատուցվող ծառայությունների ցանկը, որը տրվում է ՀՀ քննչական կոմիտեին անհատույց: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան 189 հասցեում գտնվող` 50 մլն դրամ, Տավուշի մարզի Իջեւանի Աղայան 12 հասցեում գտնվող` 36 մլն 352 հազար 720 դրամ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի Թամանցիների 45/1 հասցեում գտնվող` 3 մլն 770 հազար 490 դրամ արժեքով վարչական շենքերը:

 

ՄԵԿՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Չորս տարի առաջ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի գնդակից վիրավորված Գեւորգ Եղիազարյանը շուտով կմեկնի Գերմանիա՝ բուժման կուրս անցնելու համար: Մայրը՝ Նաիրա Գալստյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն ստացել են վիզան եւ պատրաստվում են ընտանիքով օգոստոսի կեսերին Գեւորգին տանել Գերմանիա:
2011-ին հակառակորդի գնդակից վիրավորված ու մինչեւ այսօր անկողնուն գամված Գեւորգի բուժման երկրորդ կուրսի համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար: Այն բանից հետո, երբ լրատվամիջոցները անդրադարձան երիտասարդի անմխիթար վիճակին, 1.5 ամսվա ընթացքում քաղաքացիների հանգանակություններով հավաքվեց 37,000 դոլար: Մայիսին էլ Կառավարությունը փոխանցեց բուժման համար պակասող 23 հազար դոլարը:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում մայրը նշել էր, որ որդու բուժման համար անհրաժեշտ գումարի համար տարբեր դռներ էր թակել՝ պետականից մինչեւ մասնավոր, սակայն ապարդյուն: ՀՀ պաշտպանության նախարարությունը բուժման առաջին կուրսի համար արդեն վճարել էր 70.000 դոլար, որը, սակայն չէր բավարարել բուժումն ավարտին հասցնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ նախարարությունն այդքան գումար չունի, որպեսզի նորից օգնի զինվորին:
Գեւորգը տարիներ շարունակ տանից դուրս չի եկել: Մայրը հույս ունի, որ գերմանացի բժիշկների օգնությամբ որդին կազատվի կոկորդին ամրացված արհեստական ապարատից, որի օգնությամբ նա խոսում է ու սնվում: «Հույս ունեմ, որ գոնե սայլակի օգնությամբ կտեղաշարժվի տղաս: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ միայնակ չթողեցին: Լրատվամիջոցներին եմ հատուկ շնորհակալություն հայտնում, որոնց օգնությամբ երբեմնի փակ դռները բացվեցին, ու տղաս շուտով կստանա անհրաժեշտ բուժումը», – ասել է Գեւորգի մայրը:

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ
2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն եւ Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ եւ հարվածներ հասցրել իրենց: Քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ դեպքի վերաբերյալ հայտնել է, որ ավտոմեքենայով ճանապարհը փակելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցը տվել է հայհոյանքներ եւ հարվածներ է հասցրել իրեն ու ընկերոջը: Բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՎ» ՉԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովի դեմ: Պատճառների թվում նշվում է այն, որ Գերման Ստերլիգովն ու նրա ընտանիքի անդամները «հանցավոր դավադրության մեջ են մտել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում ապրողների հետ, կոպտորեն խախտել են «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին», «Անձնագրերի մասին» օրենքները»:

 

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից՝ 3 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ` 1-2 ՕՐԻՑ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մոտակա 1-2 օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձի վճարումները կսկսվեն:

 

29 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն եւ սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռեւս ընթացքի մեջ է:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, մակնշմանը եւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը:




Լրահոս