Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարվա ավարտին առնվազն տասը տարով վերարտադրվելու վճռական հայտ է ներկայացնելու: Ըստ էության, իշխանությունը խախտեց նույնիսկ իր գրավոր խոստումը եւ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հրապարակեց լիովին նոր նախագիծ, որը ոչ այլ կերպ, քան նոր Սահմանադրություն հնարավոր չէ չանվանել: Ըստ այդմ, Հայաստանում աշնանը տեղի է ունենալու ամբողջովին նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, որը նշանակալիորեն տարբերվում է 2005թ. փոփոխություններից: Եթե առաջին դեպքում գործող համակարգի սահմանադրական մեխանիզմները փաստացիորեն լրամշակվում էին, այսինքն՝ լիովին տեղավորվում «սահմանադրական փոփոխություններ» եզրույթի ներքո, ապա այս պարագայում ընդունվում է նախադեպը չունեցող մի վիճարկելի ու ինքնանպատակ կառավարման համակարգ:
Հիշեցնենք, որ, ըստ էության, 2005թ. սահմանադրական փոփոխությունները արվում էին Ռոբերտ Քոչարյանին նախագահության ժամկետի ավարտից հետո ուժեղ վարչապետի պաշտոնում գործելու հնարավորություն ընձեռելու նպատակադրությամբ: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններում Քոչարյանը չափն անցավ, եւ «որքան վատ, այնքան լավ» իր բանաձեւը բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն: Մարտի 1-ի սպանդը լիովին փակեց Քոչարյանի՝ այդքան սպասելի ու լիովին հավանական վերադարձը իշխանության ղեկին: Անշուշտ, Սերժ Սարգսյանն էլ քիչ ջանք չգործադրեց Քոչարյանի վերադարձը կանխելու ուղղությամբ, ինչը նախ եւ առաջ պայմանավորված էր ուժային կառույցների ամբողջական վերահսկողության հանգամանքով: Ուշագրավ է, որ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններ կատարեց իր իշխանավարության ավարտից 3 տարի առաջ, ինչպես այսօր փորձում է վարվել Սարգսյանը: Բացի ժամանակային համընկնումից՝ երկուսի աջակիցներն էլ հրապարակայնորեն ամեն առիթով հերքում էին (են) առաջնորդի վերարտադրվելու ցանկությունը: Քոչարյանի վերարտադրության ցանկության մասին գոյություն ունի դիվանագիտական համապատասխան փաստաթուղթ՝ հեղինակված ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կողմից 2008թ. փետրվարին, որը հղում էր անում այնժամ Քոչարյանի անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ մի քանի ամիս առաջ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ հայտնած տեղեկությանը, ըստ որի՝ Քոչարյանը մինչեւ ԲՀԿ-ի 2007թ. խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողությունը լրջորեն մտածում էր վարչապետության մասին: Նույն զեկուցագրում անգամ ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն էր հայտնում համոզվածությունը, որ Քոչարյանը վարչապետ է դառնալու: Ցավոք, ներկայիս ամերիկյան դիվանագիտական նամակագրությունը հասանելի չէ հանրությանը, որպեսզի տեղեկանանք, թե կոնկրետ ինչի հետ է կապում իր վերարտադրվելու շանսերը Սարժ Սարգսյանը: Այդուհանդերձ, սահմանադրական վերոնշյալ նախագծին մակերեսային ծանոթությունն անգամ թույլ է տալիս հիմնավոր պատկերացում կազմել 2018թ. հետո Սերժ Սարգսյանի անձնական ծրագրերի մասին:
Սահմանադրության նոր նախագծի մասին արդեն իսկ շատ է խոսվել: Առայժմ զերծ մնալով դրա բովանդակության հիմնարար քննարկումից՝ արձանագրենք, որ այն ամենեւին չի համապատասխանում սահմանադրական փոփոխությունները իրականացնող հանձնաժողովի մշակած «Հայեցակարգի» սկզբունքներին: Այս փաստաթղթում հեղինակները հավաստիացնում էին, որ հստակ երաշխիքներ են ստեղծվելու, որպեսզի իրականություն դառնա գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների միջոցով: Այժմ նոր Սահմանադրության մեջ որեւէ երաշխիք գոյություն չունի, որ ապահովի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, ինչը ներկայիս Հայաստանի միակ ու ամենահրատապ հիմնահարցն է: Մինչդեռ ազատ ու արդար ընտրությունների միջոցով է որոշվում իշխանության լեգիտիմության աստիճանը, որին էլ ածանցվում են Հայաստանում օրենքի կիրառության մասշտաբները, ինչպես պնդում էր իշխանության հրապարակած «Հայեցակարգը»: Դե ֆակտո, սահմանադրության նախագծի մշակման պահին իշխանությունը հապճեպորեն հրաժարվեց իր իսկ հրապարակած «Հայեցակարգի» դրույթներից:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտին Սերժ Սարգսյանը «մտահոգություններ» էր արտահայտել «Հայեցակարգի» ու դրանով նախատեսվելիք նոր սահմանադրակարգի մի շարք առանձնահատկությունների հետ կապված: Այսօր, եթե հրապարակված նախագիծը արժանանա Սարգսյանի հավանությանը, կարելի է ենթադրել, որ նրան մտահոգել էր լոկ լեգիտիմության դեֆիցիտի ակնարկը եւ ուրիշ ոչինչ: Այլապես տարօրինակ է հանձնաժողովի կեցվածքը, որ փոխանակ զարգացներ լեգիտիմության մասին իր կողմից հայեցակարգային դարձած դրույթը, այն խորապես թաղել է մանվածապատ ու աղճատված այս նոր նախագծում: Ստացվում է, որ Սարգսյանը, իր իսկ ստեղծած հանձնաժողովին սեփական «մտահոգությունների» մասին հայտնելով, ուղղակիորեն հասկացրել է էլ ավելի հակաժողովրդավարական ու հակապետական կառավարման համակարգ նախագծելու անհրաժեշտության մասին:
Ամփոփելով հարկ է հստակեցնել, որ իշխանությունն այս պահի դրությամբ խախտել է իր իսկ տված երկու կարեւորագույն խոստումները: Արդ, Հայաստանում այսօր տեղի են ունենում ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ բացարձակապես նոր Սահմանադրության ընդունում, ինչը լիովին նոր իրավիճակ է ստեղծում ներքաղաքական կյանքում: Ավելին՝ հրապարակված նոր նախագծում ականատեսն ենք «Հայեցակարգի» համեմատությամբ հսկայական նահանջի, որտեղ ոչ միայն ապահովված չէ արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու երաշխիքը, այլեւ պետական իշխանության բարձրագույն մարմինների ընտրությունները վերածված են բառի իսկական իմաստով՝ ծածկադմբոցի: Այս երկու խիստ խորհրդանշական խաբեությունը աչքի առաջ ունենալով՝ հնարավոր է արդյո՞ք հավատալ Սարգսյանի՝ վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալու հավակնություն չունենալու մասին թմբկահարվող հայտարարություններին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ, ՈՐ ՄԵԿՆԻ ՌԴ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքն արդեն երկու ամիս է` ղեկավար չունի: Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նա մտադիր է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քամալյանի տեղակալ Արթուր Մխիթարյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն կտա Տավուշի մարզի Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը: Հրաժարականի պատճառների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանի հետ:
-Պարո՛ն Քամալյան, ի՞նչն է պատճառը, որ հրաժարական եք տվել: Ձեզ չի՞ գոհացրել գյուղապետի պաշտոնը:
-Ես արդեն մայիսի վերջին աշխատանքի ազատման դիմում եմ ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Պատճառն այն է, որ վատառողջ եմ եւ ունեմ լուրջ բուժզննման, բուժման կարիք: Ստիպված պետք է մեկնեմ Ռուսաստանի Դաշնություն՝ Վորոնեժ քաղաք, որտեղ ես տասը տարի ապրել եմ եւ վեց տարի սովորել: Իմ ընկերները, ովքեր Վորոնեժում բարձրաստիճան պաշտոնյաներ են, խոստացել են բուժմանս հետ կապված հարցերով օգնել ինձ:
-Այս պահին Խաշթառակ համայնքը ղեկավար չունի: Ո՞վ է զբաղվում գյուղի հարցերով:
-Իմ դիմումի մեջ ես առաջարկել եմ, որ ինձ փոխարինի իմ տեղակալը՝ Արթուր Մխիթարյանը, ում հետ երեք տարի աշխատել եմ: Նա ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Իսկ ես կմեկնեմ այն ժամանակ, երբ Կառավարության նիստում կհաստատեն գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը: Նաեւ պետք է հանձնում-ընդունում արվի:
-Պարո՛ն Քամալյան, կան գյուղապետեր, ովքեր այդ պաշտոնը հանձնում են պարտքերով: Դուք նման խնդիր ունե՞ք:
-Մենք պարտք ու պահանջ չունենք: Ես ավելի քան յոթը տարի է, ինչ աշխատում եմ, բայց աշխատավարձի հետ կապված ոչ մի պարտքի խնդիր չեմ ունեցել:
-Իսկ այդ յոթը տարիների ընթացքում գյուղի համար ի՞նչ եք արել:
-Կարող եմ ասել՝ ոչ մի լավ բան (ծիծաղում է-Ս.Հ.): Բայց մի շարք ծրագրերի միջոցով վերանորոգվել է գյուղի բուժամբուլատորիան, մայրուղուց մինչեւ Խաշթառակ, Լուսահովիտ տանող ճանապարհը ասֆալտապատվել է, նաեւ հիմնանորոգվել է միջնակարգ դպրոցը եւ այլն:
-Գյուղում կա՞ն հավակնորդներ, ովքեր առաջադրելու են իրենց թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար:
-Իհարկե, կան, բոլորն էլ ինձանից շնորհքով են, ավելի եռանդուն են:
-Հնարավո՞ր է, որ լիարժեք ապաքինվելուց հետո մնաք Վորոնեժում եւ այնտեղ աշխատանք փնտրեք:
-Դուք մի՛ մոռացեք, որ ես առաջիկայում կլինեմ 60 տարեկան եւ, բնականաբար, կվերադառնամ իմ հայրենի գյուղ՝ լինելով կնոջս, երեխաներիս ու թոռներիս հետ միասին: Ցանկություն չունեմ ապրելու այլ երկրում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի զոհված ազատամարտիկների մայրերը, Կոթիի բնակիչները նամակ են գրել Սերժ Սարգսյանին. նրանք երկրի ղեկավարից ակնկալում են համագյուղացի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի արդարացումը:
Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը՝ Արմեն Ազիբեկյանը, 1991թ. մայիսի 6-ին հայրենիքի սահմանը պաշտպանելու ժամանակ զոհվել է Ոսկեպարի անտառում: Ա. Ազիբեկյանին առնչվող քրեական գործը վերաբերում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն: Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով:
Իջեւան քաղաքում ընթացող դատավարության հուլիսի 9-ի նիստում մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար 7 տարի ազատազրկում: Անդրանիկ Ազիբեկյանը իրեն մեղավոր չի համարում: Նրա մայրը՝ կենսաթոշակառու ուսուցչուհի Զեմֆիրա Հարությունյանը, ով ներկա է եղել դատական բոլոր նիստերին, համոզված է, որ դատավարության ամբողջ ընթացքը, վկաների ցուցմունքները, դատարանում տրված հարցերն ու պատասխանները ապացուցել են Անդրանիկ Ազիբեկյանի անմեղությունը, սակայն մեղադրական կողմը դա հաշվի չի առել: Միայն Արտակ Ավետիսյանի նախաքննական ցուցմունքներն են Ա. Ազիբեկյանի դեմ, ընդ որում, Արտակ Ավետիսյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել հարցերի:
Մեր զրուցակիցը նկատում է, որ քրեական գործի նյութերը կեղծելու մեջ հիմնական մեղավոր Արտակ Ավետիսյանն ազատության մեջ է, իսկ Անդրանիկ Ազիբեկյանն արդեն 11 ամիս կալանքի տակ է, ընդ որում, Ա. Ավետիսյանի համար մեղադրողն ավելի քիչ ժամկետով է ազատազրկում պահանջել: Իջեւան քաղաքի եւ սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչներն ասում են, որ Անդրանիկ Ազիբեկյանն իր պաշտոնեական դիրքը չի օգտագործել անձնական հարստացման համար:
Նրա ընտանիքն այժմ սոցիալապես անապահով վիճակում է, Անդրանիկի կինը՝ Քրիստինեն, վատառողջ է, չի աշխատում, զբաղվում է 2 տարեկան տղայի խնամքով: Ազիբեկյանի որդիներից մեկը հիմա ժամկետային ծառայության մեջ է, մյուսը 16 տարեկան ուսանող է:
Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 27-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ