«ՄԵՐ ԵՏԵՎՈՒՄ ԱՅԴ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ» ՉԿԱՆ, ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արվեստաբան, նկարիչ, Գեւորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանն այն կարծիքին է, որ այսօր մշակույթը շատ է հեռացել բնությունից եւ մարդուց: Նրա համոզմամբ` այսօր մենք չունենք մշակույթի ոլորտի սիմվոլներ, փոխարենն ունենք, օրինակ, լավ նկարիչներ, որոնք ունակ են ուշադրություն գրավելու միջազգային ասպարեզում, պարզապես մենք մեր ետեւում չունենք մեծ պետություն…

-Պարո՛ն Միքայելյան, այսօր ստեղծվող արվեստն ինչպիսի՞ն է Ձեր աչքում:
-Այն, անկեղծ ասած, ինձ համար նույնը չէ, ինչ 1900-ական, 1910-ական, 1920-ական թթ. ստեղծվող արվեստը: Միեւնույն ժամանակ կան բաներ, որոնք քեզ համար լավն են, հարեւանիդ համար` ոչ. դա միշտ այդպես է եղել: Պարզապես այսօր ստեղծվող արվեստով անձամբ ես չեմ ոգեւորվում, գուցե հետամնաց մարդ եմ…Այսօրվա մշակույթը հեռանում է բնությունից: Իհարկե, նախկինում էլ կար նման մշակույթ, բայց այն ինձ համար հետաքրքիր էր: Իսկ այսօրվա մշակույթը սրընթաց կերպով հեռանում է մարդուց, մարդկայնությունից. սա ինձ համար շատ տխուր երեւույթ է:
-Իսկ ո՞րն է դրա պատճառն, ըստ Ձեզ, գուցե շա՞տ ենք քաղաքականացվել:
-Որքանով ես հիշում եմ, մշակույթը Հայաստանում երկրորդական, երրորդական, չորրորդական տեղ է գրավել: Խորհրդային միության տարիներին հիմնարկների մշակույթի բաժնի վարիչները, մշակույթի նախարարները մշակույթի հետ կապ չունեցող մարդիկ էին (թեեւ պետք է նշել, որ կային լիբերալ մոտեցմամբ պաշտոնյաներ), սակայն ժողովուրդը բարձր էր գնահատում մշակույթ հասկացությունը: Այն ժամանակ, երբ նշանավոր արվեստագետը փողոցով քայլում էր, բոլորը նրան ակնածանքով էին նայում, իսկ հիմա Կոմիտասն էլ արթնանա, մտնի սրճարան, երեւի ոչ ոք չզարմանա… Ժողովուրդն առաջվա պես ուղղված չէ դեպի մշակույթը, քիչ է դրանով հետաքրքրվում:
-Իսկ այսօր մշակույթի ոլորտի «սիմվոլներ» ունե՞նք:
-Ո՛չ, այսօր մենք սիմվոլներ չունենք, բայց ունենք տաղանդավոր մարդիկ, որոնք շատ գոհ են, որ գնահատված են պետության կողմից, նրանք գոհ են, որ ինչ-որ բանի են հասել, կարիերա են արել, իրենք իրենց լավ են զգում, բայց եթե, օրինակ, Լեւոն Ներսիսյանը նման իրավիճակում հայտնվեր, որում այդ կարկառուն դեմքերն են, խարակիրի կաներ: Նրա եւ նրա նմանների էության մեջ մեծ տոկոս էր կազմում բարոյականության գործոնը… Բայց եւ այնպես, ամեն բան դեռ կորած չէ. կան ինքնագոհ կարիերիստներ, որոնք անտաղանդ չեն. համենայն դեպս, մի երկու-երեք հոգի ժողովրդի կողմից զարմանալիորեն գնահատված են…
-Հայ կերպարվեստի ոլորտում ի՞նչը կփոխեիք:
-Կփոխեի ուսուցումը: Հին մշակույթ ունեցող բոլոր երկրներն իրենց ուսուցման գործընթացում պահպանելով ակադեմիականը՝ հաշվի են առնում նաեւ իրենց ազգի, ժողովրդի ստեղծածը. չինացիներն` իրենցը, իտալացիներն` իրենցը: Մենք էլ, օրինակ, ունենք մեր մանրանկարչությունը, բայց այն այսօր կրկնելը զարգացում չէ, հետընթաց է, կրկնությունը մեռած արվեստ է, պետք է նոր արվեստը արմատներից ելնելով բխեցնել. նույն կերպ մեր ուսուցումը պետք է լինի: Մարդու գլուխը չի կարելի անընդհատ ակադեմիականով լցնել. ակադեմիզմը խեղդում է կյանքի թրթիռը, անմիջականությունը: Մեզ մոտ նկարել սովորեցնում են տեխնիկական առումով, սակայն արվեստի մասը մնում է բաց:
-Այսօր ստեղծվող հայ կերպարվեստը միջազգային ասպարեզում մրցունա՞կ է:
-Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ լավ նկարիչներ, որոնք կարող են ուշադրություն գրավել միջազգային ասպարեզում… Չեմ կարծում, թե միջազգային մակարդակի շատ նկարիչներ ավելի հետաքրքիր են, ունեն նկարչական այն պոտենցիալը, որն ունի, օրինակ, Արման Գրիգորյանը: Հայերն իրենց էությամբ նկարիչ են… Մեր Քիքին (Գրիգոր Միքայելյան), ով այժմ ԱՄՆ-ում է, սովորական նկարիչ չէ, առանձնահատուկ երեւույթ է, իր ամերիկյան շրջապատում երեւում է… Իսկապես երեւույթ է ավագ Մարտին Պետրոսյանը, բայց դա շատ դժվար է աշխարհին ապացուցելը: Հարկավոր է ունենալ ուժեղ կազմակերպված, հետաքրքիր, ես կասեի` տաղանդավոր պետություն: Այսօր, օրինակ, մեքսիկական կերպարվեստը գոյություն ունի նաեւ տեղի ժողովրդի շնորհիվ, որը գնահատում է իր նկարիչներին: Իսկ մեր ետեւում այդ «թնդանոթները» չկան, այդ մեծ պետությունը չկա…

 

 

 

 

 

ՈՉ ՄԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ` ԿՐԿԵՍԱՅԻՆ ՄԵԾ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Երեւանում մեկ ամիս շարունակ կրկեսային տոն է լինելու. հյուրախաղերով հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Կրկեսին տեղ է հատկացվել նախկին դելֆինարիումի տարածքում: Սանկտ Պետերբուրգից ութ մեծ բեռնատար է գալու Երեւան` տեղափոխելով կենդանիներին, անհրաժեշտ պարագաները: Հայաստանյան հանդիսատեսի առջեւ ներկայանալու է դերասանական պրոֆեսիոնալ կազմ:

«Ժողովուրդ»-ը Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք այս ծրագիրը կանցկացվի նաեւ մարզերում, թե, ինչպես մշակութային միջոցառումների զգալի մասի դեպքում է լինում, մարզերը կանտեսվեն, հատկապես, որ շապիտո-կրկեսի անձնակազմը ժամանակի սղության խնդիր ունի:
«Թեեւ նրանք շատ զբաղված են, այստեղից մտադիր են մեկնել Բելառուս, Մոլդովա` հյուրախաղերի, ես հետները բանակցություններ եմ վարում, որ այդ հյուրախաղերը հետաձգեն, եւ շապիտո-կրկեսը այցելի նաեւ մարզեր, նույնիսկ` Արցախ: Կարծես թե ինձ հաջողվել է նրանց համոզել»,-ասաց Ս.Պետրոսյանը:
Մեր այն դիտարկմանը, թե մարզերի բնակիչները կարոտ են կրկեսին եւ այնտեղ` իրենց լինելու անհրաժեշտությունը մեծ է, գեղարվեստական ղեկավարը համաձայնեց` հավելելով, որ Երեւանի կրկեսին կից խմբերը, լինելով տարբեր մարզերում, ականատես են լինում, թե մարզերի երեխաները որքան շատ են սիրում կրկես եւ որքան դրա կարիքն ունեն. «Շատերը մեզանից իմանում են Լ. Ենգիբարյանի ստուդիայի մասին, գալիս-ընդունվում են, 10-11 հոգի արդեն ընդունվել է: Խոստանում եմ, որ ինձ կհաջողվի շապիտո-կրկեսը տանել մարզեր, ժողովուրդն էլ կտեսնի կենդանիներ, որոնք մենք հիմա չունենք»:
Մեր հարցին, թե մարզերում տեխնիկական խնդիրներ չե՞ն առաջանա, հնարավոր կլինի՞ արդյոք անձնակազմի պահանջները բավարարել, Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ շապիտո-կրկեսի դեպքում նման խնդիրներ չեն ծագում. «Մենք ոչ ոքից ոչինչ չենք ուզելու, մեզ հետ տանելու ենք մինչեւ վերջին մեխը: Ամեն բան մեր ուսերին է… Ի դեպ, չունենք նաեւ ոչ մի հովանավոր: Տեսեք` լինում է «Ոսկե ծիրան», համահայկական խաղեր, աջակիցներ են հայտնվում, իսկ այս դժվարին ծրագիրը ոչ մի հովանավոր չունի… Պետք է «տակից դուրս գանք»,-եզրափակեց նա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Շապիտո-կրկեսը Երեւանում հանդես է գալու օգոստոսի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

Ո՞Վ Է ԵՐԳՉՈՒՀՈՒ ԸՆՏՐՅԱԼԸ
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը գտել է իր կեսին: NEWS.am STYLE-ի փոխանցմամբ` տեւական ժամանակ իր անձնական կյանքը գաղտնի պահող երգչուհին լուսանկար է հրապարակել իր սիրելիի հետ եւ «բացահայտել» վերջինիս: Սուսաննայի ընտրյալը Գեւորգ Գասպարյանն է, ում ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա կազմակերպություններից մեկում որպես մենեջեր է աշխատում: Թե ինչպես է երգչուհին ծանոթացել սիրելիի հետ, առայժմ չի շտապում պատմել: Հայտնի չէ նաեւ, թե զույգը երբ կօրինականացնի հարաբերությունները: Իր անձնական կյանքի մանրամասների վերաբերյալ Սուսաննան դեռեւս լռում է:

 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԲԵՄ
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա հոկտեմբերին. այս մասին, թՈջպՑՈ-ի փոխանցմամբ, հայտնել են արտիստի համերգների կազմակերպիչները: Հոկտեմբերի 29-ին երգիչը համերգ կտա Կրեմլի պետական պալատում: Նշվում է, որ տոմսերի հետ կապված ոչ մի իրարանցում չկա: Բեմում Խվորոստովսկին ելույթ կունենա մեցո-սոպրանո Էլինա Գարանչայի հետ: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին երգչի մոտ գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել: Երգիչը հետաձգել էր իր համերգները մինչեւ տարվա վերջ եւ մեկնել բուժվելու Մեծ Բրիտանիա:

 

ՕԲԱՄԱՅԻՆ` ՍՏՐԻՊՏԻԶ ԱԿՈՒՄԲ
Ամերիկյան դերասանուհի Շարլիզ Թերոնը հերթական անգամ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել. նա առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր հետ այցելել ստրիպտիզ ակումբ: Դերասանուհին Ջիմի Քիմելի շոուի եթերում պատմել է Բարաք Օբամայի հետ վերջերս տեղի ունեցած իր հանդիպման մասին: Թերոնի խոսքերով` ինքն այնքան է հուզվել այդ հանդիպումից, որ հրավիրել է նախագահին ստրիպտիզ ակումբ: «Ես այնքան էի հուզվել, որ չէի կարողանում կառավարել իմ խոսքը: Բարաք Օբաման ինչ-որ բաներ էր խոսում դեմոգրաֆիկ վիճակից, եւ ես պետք է իրեն պատասխանեի: Հուզմունքից կորցրեցի ինքս ինձ, եւ առաջին բանը, որ մտքիս եկավ` նախագահին ստրիպտիզ ակումբ հրավիրելն էր»,-հարցազրույցում խոստովանել է դերասանուհին: Շարլիզը նաեւ ասել է, որ 53-ամյա նախագահը քաղաքավարի կերպով մերժել է այդ տարօրինակ առաջարկը:




Լրահոս