ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն հուլիսի 25-ին նշեց իր 85-ամյակը:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1930 թ. հուլիսի 25-ին` որպես Կառուցվածքների Անդրկովկասյան ինստիտուտի մասնաճյուղ և կոչվել է «Կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» (ԱԻՍ): Զբաղվել է տեղական շինանյութերի (պեմզա, տուֆ, խարամներ և այլն) հետազոտմամբ, դրանցով թեթև բետոնե կոնստրուկցիենրի մշակմամբ, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության որոշ հարցերով:
Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի Հայսեյսմիկ շինարարության բյուրոյի միավորմամբ 1943 թ. Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի կազմում ստեղծվեց “Շինանյութերի և կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտը” (ԱԻՍՄ): 1961 թ. ԱԻՍՄ-ի 4 լաբորատորիաների հիման վրա ստեղծվեց «Քարի և սիլիկատների ինստիտուտ» (այժմ «Քար և սիլիկատներ ԳԱՆ» ՓԲԸ):
1974 թ., զարգացնելով գիտական ուղղություններ, ԱԻՍՄ-ը վերակազմավորվել է «Շինարարության և ճարտարապետության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ»-ի (ՀայՇինՃարտ ԳՀԻ): 1994 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ինստիտուտը վերակազմավորվել է «Սեյսմակայուն շինարարության Հայկական գիտահետազոտական ինստիտուտ»-ի («Հայսեյսմշին» ԳՀԻ): 1995 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ինստիտուտը վերակազմավորվել է «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (Հայսեյսմշին և ԿՊ ՓԲԸ), իսկ 2004 թ. դեկտեմբերից` ԲԲԸ-ի:
2015 թ. հունվարից ընկերությունը վերանվանվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն»-ի:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, ինչի հետևանքով շենքերի և շինությունների սեյսմակայունության և հուսալիության բարձր մակարդակի ապահովումը դասվում է գերակա խնդիրների շարքին: «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ընկերությունն այսօր ՀՀ շինարարության բնագավառի միակ կազմակերպությունն է, որն իր գործունեությամբ կոչված է ապահովել հանրապետության շինարարական ոլորտի տեխնիկական առաջընթացը: Շինարարության ոլորտում կիրառվող շինանյութերի բնական հումքի, դրանցից կոնստրուկտիվ տարրերի ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունների հետազոտությունների արդյունքների հիման վրա Ընկերության գործունեությունն ուղղված է սեյսմակայուն համակարգերի, շինարարական նորմեր, տեղական հումքով շինանյութերի և շինարարության որակի հսկման մեթոդների մշակմանն ու իրագործմանը: