Ադրբեջանը փորձում է ստեր տարածելու միջոցով տաքացնել իրավիճակը. ադրբեջանագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն սրացումն, որը տեղի է ունենում ռազմաճակատում սպասելի էր: Ինչպես մենք զգուշացնում էինք, Բաքվում եվրոպական խաղերի ավարտից հետո սպասվում էր աննախադեպ նոր լարվածության աճ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանում տեղի ունեցող լարվածությանը՝ ասաց ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով, լայնածավալ պատերազմի վերահսկողության մասին հստակ որևէ մեկը չի կարող ասել. դա կարող է ինքնըստինքյան առաջանալ: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորն են ցանկանում լայնածավալ պատերազմի վերսկսումը, բայց իրավիճակը ինքնըստինքյան կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ անկախ անգամ ադրբեջանական կողմի մեծ ցանկությունից»,-նշեց նա:

Այվազյանին կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստեր տարածելու միջոցով տաքացնել իրավիճակը: «Ադրբեջանում վերջերս քարոզչական աշխատանքներ են տարվում՝ իբրև հայերը սահմանամերձ գոտում սպանել են թուրք երեխաների, վիրավորել են և այլն: Անգամ Ադրբեջանի նախագահը, հանդիպելով բուժաշխատողներին, զգուշացրել է պատրաստ լինել լայնածավալ պատերազմի»,-հավելեց բանախոսը:

Ադրբեջանագետի համոզմամբ, միայն հայկական կողմի խոհեմության շնորհիվ է, որ մինչև այժմ լայնածավալ ռազմական գործողություններ սահմանում չեն սկսվել: Նրա դիտարկմամբ, մեր սխալն այն էր, որ թշնամուն ծնկի չբերեցինք, երբ դրա հնարավորությունն ունեինք:

«Ադրբեջանը հիմա բավականին լուրջ ուժ է հավաքել: Եվ մենք պետք է ոչ թե հույս ունենանք, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, որովհետև պատրաստ չէ դրան, այլ պետք է մենք ինքներս պատրաստվենք: Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք լայնածավալ ռազմական գործողությունների: Մեր միակ հույսը ռազմաօդային ուժերն են և մեր բանակը»,- եզրափակեց իր խոսքը բանախոսը:




Լրահոս