ՊՐՈԱԿՏԻՎ ՓՈՒՉԻԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարին դեռ չսկսած՝ հայրենի կառավարությունն արդեն իսկ սկսել է տնտեսական նվնվոցը: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե Եվրոպայում առկա տնտեսական խնդիրների ֆոնին շատ դժվար է լուրջ տնտեսական ու արդյունաբերական աճ ունենալ Հայաստանում: Հավանաբար Տիգրան Դավթյանն Ամանորի տոներն անցկացրել է Եվրոպայում, որտեղ էլ սեփական աչքերով է տեսել այնտեղ առկա տնտեսական խնդիրները, որոնց մասին մինչ այդ ո՛չ նա, ո՛չ էլ նրա ղեկավար Տիգրան Սարգսյանը տեղյակ չէին: Այլապես նրանք այդ մասին կհայտարարեին ավելի վաղ, երբ ներկայացնում էին 2013-2017թթ. ՀՀ կառավարության ծրագիրը, որում ակնկալվող հիմնական ցուցանիշները հիմնված են հենց ակնկալվող արդյունաբերական աճի վրա: Այսպես. կառավարության ծրագրում ասված է. «Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված  արդյունաբերական  քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված եւ արդյունավետ օգտագործում»: Ապա ներկայացված է գայթակղիչ խոստումների ցուցակը, որը կառավարությունը պատրաստվում է իրականացնել արդյունաբերական քաղաքականության շնորհիվ ակնկալվող տնտեսական աճի հաշվին. դրանք են` նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, աղքատության  կրճատում, 100 000 աշխատատեղերի ստեղծում եւ այլն: Այս ամենի վերջում էլ կառավարությունը հարկ է համարում նշել. «Կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա»: Սակայն Տիգրան Դավթյանի երեկվա հայտարարություններից, փաստորեն, պարզ է դառնում, որ այդ միտումները կայծակնային արագությամբ փոխվել են, եւ հիմա արդեն. «Շատ դժվար է այս ռեցեսիոն ֆոնի վրա ունենալ լուրջ տնտեսական եւ արդյունաբերական աճ»: Այն, որ միտումները փոխվել են, անվիճելի է, սակայն Հայաստանի նման երկրում եւ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության պայմաններում, որտեղ ամեն ինչ կառուցված է բլեֆի վրա, առաջնային են ոչ թե համաշխարհային ֆինանսատնտեսական միտումները, այլ ինտրիգա-քաղաքական  քամիները: Իսկ դրանք տարեվերջին շեշտակիորեն փոխեցին իրենց ուղղությունը: Եվ հիմա արդեն կարելի է առանց որեւէ մտավախության դադարեցնել  ծրագրային հեքիաթասացությունն ու մարդկանց պարզ ասել, որ ոչ մի արդյունաբերական աճ էլ չի լինելու, եւ դրա վրա կառուցված խոստումները պո~ւֆ, պայթեցին` ՀՀԿ փուչիկների նման: Ինչն էլ երեկ արեց անվերջ պրոակտիվությունից խոսող պրոպասիվ Տիգրան Դավթյանը. «Այս նեգատիվ ֆոնը կոմպենսացնելու առումով մենք պետք է լինենք ավելի պրոակտիվ եւ փորձենք մեր ջանքերը, ռեսուրսները ավելացնել»: Այո՛, այո՛, պարո՛ն նախարար, կարող եք այսուհետ ավելի պրոակտիվ ասել, որ առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի խորը փոսի մեջ, միեւնույն է, փոսը նայողի հարցն արդեն լուծված է:




Լրահոս