Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ առանձնապես դժվար չի լինելու սյունեցիներին համոզել՝ ընտրել Սերժ Սարգսյանին: Մարզպետը թեեւ նկատում է, որ Սյունիքում էլ է համատարած աղքատություն, այնուամենայնիվ կարծում է, որ խաղաղության պահպանումը առավել կարեւոր է:
-Պարո՛ն Խաչատրյան, մյուս ամսին նախագահական ընտրություններ կլինեն: Երկրում առկա համատարած աղքատության պայմաններում ինչպե՞ս եք մարդկանց համոզելու եւ ձայներ հավաքելու:
-Համատարած աղքատություն է, բայց եկե՛ք մի պահ անցնենք մեր ազգի պատմական ընթացքին: Մեր պատմական ընթացքում մենք ապրել ենք ավելի աղքատ, ապրել ենք կոտորվելով, ստրկության մեջ: Այդ ամեն ինչը տեսել ենք, եւ այն ժամանակվա սոցիալական խնդիրը ավելի դաժան է եղել: Եւ եթե մենք այսօր դնենք ասենք, որ սոցիալական խնդիր ունենք եւ մոռանանք այն, ինչ ձեռք ենք բերել, չեմ կարծում, որ դա ճիշտ է: Մենք ոչ թե սոցիալական խնդրի մասին պիտի մտածենք, այլ երկու ավելի կարեւոր խնդրի` մեր ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականությամբ աշխարհին ներկայանալու մասին:
-Բայց մարդիկ սոցիալական վատ վիճակում են, սոված են եւ կորցրել են վստահությունը իշխանությունների նկատմամբ: Դուք ինչպե՞ս եք կարողանալու համոզել, որ վստահեն իշխանություններին, եւ ձայն հավաքեք:
-Հավատացե՛ք, Սյունիքի ժողովրդի թիվ մեկ խնդիրը՝ որպես կռված եւ իր հողին նվիրյալ ժողովուրդ, սահմանների պաշտպանությունն է եւ խաղաղության պահպանումը:
-Այսինքն՝ սյունեցիները նախագահական ընտրություններով չե՞ն հետաքրքրվում:
-Եթե հայրենիքի սահմանները պաշտպանված են, ինքը այլ խնդիր չունի: Եթե աղքատ ենք, հասկացանք, բայց զրկվե՞նք հայրենիքից: Այս մեկը, կարծում եմ, անթույլատրելի է, եւ հետո, սյունեցիներին համոզելու կարիք չկա: Սյունեցիները, անկախ անուն-ազգանունից, երկրորդ մարդ չեն էլ տեսնում, եւ ուրեմն իրենք տոնական տրամադրությամբ փետրվարի 18-ին գնալու են եւ ընտրեն գործող նախագահին: Չմոռանաք, որ Սերժ Սարգսյանը սյունեցի է:
-Ի դեպ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, որը մշտապես եղել է ՀՀԿ շտաբի պետը, ոչ թե ՀՀԿ-ական է, այլ կոմունիստ: Ավելին, Հակոբյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին ասել էր, թե ներողություն պետք է խնդրեն իրենից՝ ՀՀԿ-ական համարելու համար: Դուք, լինելով ՀՀԿ մարզխորհրդի նախագահ, ինչպե՞ս եք թույլ տալիս, որ կոմունիստը լինի ՀՀԿ շտաբի պետ:
-Իսկ ի՞նչ է նշանակում հանրապետական: Մաքսիմ Հակոբյանը ոչ մի տեղ դիմում չունի գրած, որ ինքը ցանկանում է անդամագրվել Հանրապետականին:
-Բայց նա ՀՀԿ շտաբի պետն էր. կոմունիստը՝ ՀՀԿ պատասխանատու:
-Ինքը ոչ մի տեղ չունի դիմում գրած, թե խնդրում եմ, ինձ ընդունե՛ք ՀՀԿ շարքերը, եւ ես ինքս գոնե տեղյակ եմ: Իր գրպանում Հակոբյանը կոմունիստական գրքույկն է պահում ոչ թե նրա համար, որ ինքը Կոմունիստական կուսակցության անդամ է, այլ դա ավելի խորը իմաստ ունի:
-Ո՞րն է այդ խորը իմաստը:
-Ձեզ կասեմ: Եթե այսօր մեկը Մաքսիմ Հակոբյանին ասում է, թե Դուք այսօրվա փողատերն եք, ինքն էլ հանում է իր կոմունիստական թուղթը եւ ասում է, թե սովետական տարիներին է շատ անդամավճար մուծել: Այսինքն՝ այդ կոմունիստական տոմսը պահելով՝ ուզում է ասել, որ էսօր չի փող տեսել: Խորհրդային տարիներից էլ է շատ փողեր տեսել:
-Հետաքրքիր խորհուրդ էր՝ ՀՀԿ-ի հետ չառնչվող: Պարո՛ն Խաչատրյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրողությունը, որ Սյունիքում գրեթե բոլորը վախենում են Ձեզանից, բռնատիրություն է մարզում:
-Դու ստախոս ես, որտե՞ղ նկատեցիր նման բան:
-Ինչո՞ւ եք զայրանում: Սյունեցիների հետ ենք խոսել, եւ նկատելի էր:
-Դու ստախոս ես:
Հ.Գ. Նշենք, որ վերջին հարցից հետո մարզպետը հրաժարվեց մեզ հետ զրույցը շարունակել:
ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԸՆՏՐԵՆՔ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ