ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես որ խոստացել էր, դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ: Դատական հայցը վարույթ է ընդունվել եւ կքննվի Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր՝ «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:
«Ժողովուրդ» օրաթերթը եւ լրագրող Ս. Գրիգորյանը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Նախնական դատական նիստը դեռեւս նշանակված չէ:
Վերջում հավելենք, որ անկախ պետական մարմինների տված պարգեւներից, կասկածելի անցյալով գործարար էլիտայի բացիլների ունեցած վերաբերմունքից, «Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ իր հռչակած սկզբունքին, լինելու է թերթ բոլորի ու ամեն ինչի մասին՝ քննադատելով երկրում առկա բոլոր խնդիրներն ու բացթողումները եւ այդ քննադատությամբ, որպես չորրորդ իշխանություն, ստիպելով պատկան մարմիններին շտկել իրավիճակը: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեզ համար ամենակարեւոր գնահատականն ընթերցողի վստահությունն է, որն ամրապնդելու համար շարունակելու ենք նույն սկզբունքային գործելաոճը:




Լրահոս