ՓՈՂԻ ԿՌԻ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ի ներսում կրքերը գնալով թեժանում են: Լարվել են ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Մակեյանը պատրաստվում է չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի ձեւավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է նաեւ Լ. Զուրաբյանի իմփիչմենթը: Նման մի նախաձեռնությամբ Մակեյանը հանդես է եկել նաեւ դեկտեմբերի վերջին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի՝ ԺՀԿ աղբյուրները, Մակեյանը թե՛ նախորդ, թե՛ այս անգամ մնացել է մենակ. հենց իր կուսակցությունում այդ առաջարկին դեմ են եղել: Մակեյանը Զուրաբյանի դեմ իր ծրագրածը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել. նա լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՀԱԿ քաղխորհրդին է ներկայացրել ՀԱԿ առողջացմանն ուղղված փաստաթուղթ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀԱԿ-ում առկա խնդիրների պատճառը եւս փողն է, ավելի շուտ՝ դրա ոչ ճիշտ բաշխումը կամ տնօրինումը: Մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մակեյանի եւ Զուրաբյանի հարաբերությունները լարվել են 2012թ. ԱԺ ընտրությունների ընթացքում, երբ Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված Մակեյանը Զուրաբյանից ընտրարշավի համար խնդրել է լրացուցիչ ֆինանսավորում: Սակայն Զուրաբյանը մերժել է՝ ասելով, որ իրենք գումարը բոլոր թեկնածուների միջեւ բաշխել են հավասար եւ ավելին անելու հնարավորություն չունեն: Նրանց զրույցը ավարտվել է վիճաբանությամբ, եւ այս ամիսների ընթացքում նրանց հարաբերությունները գնալով վատացել են, քանի որ Զուրաբյանը ՀԱԿ-ում իրեն մշտապես պահում է Լեւոն Տեր-Պետրոսյանի պես:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել կողմերից, սակայն ո՛չ Զուրաբյանը, ո՛չ էլ Մակեյանը չպատասխանեցին հեռախոսազանգերին:




Լրահոս