«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ԴԵՄ ԴԱՏԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարինե Կիրակոսյանի փոխարեն վիրավորված Գուրգեն Աղաջանյանի հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հավանաբար կվերսկսվի նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով: Նշենք, որ տարեվերջին դատարանը՝ նախագահությամբ Արայիկ Մելքումյանի, «օգտվելով» «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի բացակայությունից, «ռեմիքս» տարբերակով արագ ավարտել էր դատաքննությունը եւ հունվարի 8-ին նշանակել վճռի հրապարակման օր, սակայն այդ օրը դատարանի գրասենյակի դուռը փակ էր եղել:
Հիշեցնենք, որ հայցվոր Գ. Աղաջանյանը թերթից պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել, փոխհատուցել զրպարտության եւ դրա հետեւանքով կրած վնասները: Գ. Աղաջանյանը վիրավորվել էր այն հրապարակումից, որի մեջ «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերումներ էր կատարել նշյալ անուն-ազգանունով անձի՝ խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որում ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել: Գ. Աղաջանյանը վիրավորվել էր թերթում հրապարակված հետեւյալ արտահայտություններից. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ»: Ու թեեւ «Ժողովուրդ»-ը նամակում առկա փաստերը պարզելու համար լսել էր նաեւ Կարինե Կիրակոսյանի մեկնաբանությունը եւ հրապարակել այն, սակայն վերջինիս փոխարեն հանրապետությունում եղած Գ. Աղաջանյաններից նման անուն-ազգանունով երեւանցի մի Գուրգեն էր վիրավորվել ու դիմել դատարան՝ այդպես էլ անհասկանալի թողնելով, թե ինչ խորհրդավոր կապ կա իր եւ Կ. Կիրակոսյանի միջեւ: Ի դեպ, վերջինս երբեք չէր ներկայացել դատական նիստերին, եւ նրա բնակության տեղն անհայտ է: Գուցե նոր ի հայտ եկած հանգամանքը նրա «հայտնաբերման» փա՞ստն է:




Լրահոս