«ԹԵՐԹԻ ԵՍ ՏՎԵԼ՝ ՓՈՂԸ ՉԵՄ ՏԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ավարտեց եւս մեկ դատաքննություն՝ կապված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տ. Պետրոսյանի որդու՝ Շահեն Պետրոսյանի հետ: Վերջինիս դեմ գումարային պահանջով դատարան էր դիմել լոգոպետ Սիլվա Մադոյանը եւ խնդրում էր անպայման վերադարձնել իրեն պարտք գումարը, քանի որ Շահենը հեռախոսով իրեն ասել էր, որ «թերթի ես տվել՝ փողդ չեմ տալու, ինչքան ուզում ես՝ դատարա՛ն դիմի, մեկ է՝ ես սնանկ եմ» («Ժողովուրդ»-ն անդրադարձել է այս պատմությանը): Երեկ պատասխանող Շ. Պետրոսյանը ծանուցվել էր դատական նիստի մասին, սակայն չէր եկել դատարան: Եվ քանի որ հայցվորը դեմ էր պատասխանողի բացակայության պատճառով կրկին նիստը հետաձգելուն, ուստի դատարանը շարունակեց նիստը առանց Շահենի: Հայցվորը նշեց, որ «բյուջետային աշխատողի» համար 3550 դոլարը մեծ գումար է, եւ այն տվել է իր ընկերուհու որդու՝ Էդգարի խնդրանքով, որը երիկամը վիրահատելու կարիք է ունեցել: Ու քանի որ տիկին Սիլվայի գումարը հայտնվել է Էդգարի ընկերոջ՝ Շահենի մոտ, վերջինս է գումարը վերադարձնելու ստացականը գրել: Տիկին Սիլվայի խոսքով՝ Շահենին ընդամենը մի քանի րոպե է տեսել. նա եկել է տիկնոջ տուն, իր ձեռքով գրել, որ Ս. Մադոյանից վերցրել է 3550 դոլար, որը պարտավորվում է վերադարձնել մինչեւ 30.03.2011թ. եւ գնացել: Դրանից 3 տարի է անցել: Վճիռը կհրապարակվի հունվարի 23-ին՝ ժամը 14:50-ին:     

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս