Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել համաշխարհային 5 խորհրդատվական կազմակերպություններին հրավեր ուղարկել` հանձնաժողովում ուսումնասիրություններ կատարելու համար: Հանձնաժողովը մեջբերում է հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը.
«Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին` ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:
Հանձնաժողովի այս որոշումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Արդյո՞ք սա չի նշանակում, որ այս ուսումնասիրություններով կավարտվի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը, ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման որոշում կայացնել կամ ինչո՞ւ միաժամանակ երկու ուսումնասիրություն է կատարվում:
Armlur.am-ը փորձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և ՀԷՑ-ից պարզել` սա կապ ունի՞ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի հետ:
ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ սա որևէ կապ չունի ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի հետ: «Երկու խնդիր իրար հետ զուգահեռ պետք է լուծվեն: Սա նպատակ ունի բարձրացնել հանձնաժողովի վստահությունը հասարակության շրջանում: Խոսվում էր, որ մեր կայացրած որոշումները հիմնավորված չեն և այլն: Այդ իսկ պատճառով, այսօր նման որոշում կայացվեց»,- պարզաբանեց ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակը:
Նույն պատասխանը տվեց նաև ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքով` այս երկու գործողությունները կիրականացվեն զուգահեռ. «Երկու առանձին գործընթացներ են, որոնք իրականացվելու են զուգահեռ: Դա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապ չունի: Մեկը մյուսի հետ կապ չունի: Երկուսն էլ լինելու է: Որպեսզի մարդիկ ավելի վստահությամբ վերաբերվեն հանձնաժողովին և մեզ, այս երկու գործընթացներն էլ իրականացվելու են»:
Իսկ ահա տնտեսագետ Արտակ Մանուկյանը մտավախություն ունի, որ այս խորհրդատվական ուսումանսիրությամբ ՀԷՑ-ում աուդիտի թեման «ծածկադմփոց» կանեն. «Եթե ժողովրդի պահանջը վստահության բացակայությունն էր, ապա այս կոնտեքստում դրա պատասխանը չկա: Չեմ կարծում, որ այս երկու աշխատանքները արդյունավետ են: Նախ ծախսերի առումով արդյունավետ չէ, երկրորդ` դա ոչ մի կերպ չի բարձրացնի վստահությունը»: Ըստ տնտեսագետի` չի բացառվում, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս ուսումնասիրությամբ էլ ամեն ինչ կավարտվի: «Կարելի է մի բան եզրակացնել, որ նրանք նախապես պայմանավորվել են այդ ընկերությունների հետ, քանի որ նրանցից և ոչ մեկը 3-օրյա ժամկետում չէր կարող ներկայացնել ուսումնասիրությունները և առաջարկները: Նաև անհասկանալի է, թե ում գումարներով են այդ ուսումնասիրությունները կատարվելու: Մինչև այս բոլոր հարցերի պատասխանները չլինեն, ի՞նչ վստահության բարձրացման մասին կարող է խոսք լինել»,- ասաց Ա. Մանուկյանը և հավելեց, որ այս երկու գործընթացները մեկտեղելով, փորձում են օգոստոսի 1-ին ընդառաջ խճճել իրավիճակը:
Քրիստինա Աղալարյան