ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել Դավիթաշեն վարչական շրջանի մի քանի բնակիչներից, որոնք դժգոհում էին, որ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկան չի ջեռուցվում: Այսինքն` շենքի ներսում` միջանցքներում, համապատասխան ջերմություն չկա, իսկ մարդիկ,  բժշկի սենյակի մոտ երկար ժամանակ հերթ կանգնելով, մրսում են, որից հետո կրկին հիվանդանում: Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը գնաց պոլիկլինիկա` պարզելու, թե ինչու այն չի ջեռուցվում:
«Երեւանի քաղաքապետարանի թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում եւ սպասարկում է Դավիթաշենի եւ Հույսի ավան  թաղամասի բնակչությանը: Հարկից հարկ շրջելով՝ արձանագրեցինք, որ իրականում միջանցքները չեն ջեռուցվում, իսկ բժիշկների սենյակներն էլ տաքացվում են միայն էլեկտրական սալիկներով: Զրուցեցինք մի քանի բնակիչների հետ, որոնք, բժիշկների սենյակների մոտ կանգնած, սպասում էին: «Դե 20 րոպեից ավելի է, ինչ սպասում ենք… Երբեմն ավելի երկար ենք սպասում: Բժշկի սենյակում պլիտա է վառվում, բայց այնքան էլ տաք չէ: Երեխա է, հագուստ ենք հանում, մերկանում է, սառում ու մրսում է… չգիտեմ, թե ինչ ասեմ»,-դժգոհեց 30-ամյա մի կին, որը, իր երեխայի ձեռքը բռնած, կանգնած սպասում էր, թե երբ է բժիշկն ազատվելու:
Այս խնդրի շուրջ փորձեցինք զրուցել պոլիկլինիկայի տնօրեն Էդուարդ Բարսեղյանի հետ, սակայն վերջինս տեղում չէր, այդ պատճառով էլ մեր հարցերին պատասխանեց բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը: Նա համաձայնեց այս թեմայով խոսել միայն տնօրենից հեռախոսով թույլտվություն ստանալուց հետո: «Երեւանի քաղաքապետարանը տեղյակ է այս խնդրից եւ շատ ակտիվ զբաղվում է այս հարցով: Բնականաբար, անցյալ տարի չստացվեց, բայց այս տարվա առաջին ամիսներին այս հարցը կլուծվի»,-պարզաբանեց Ղազարյանը: Բուժական գծով փոխտնօրենը շտապեց մեզ տեղեկացնել, որ մանկական եւ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքների միջանցքները «էլեկտրական պլիտաներով» տաքացվում են: Մինչդեռ մեր այցելության ժամանակ նշված բաժանմունքներում էլեկտրական սալիկներ չկային: «Մեկ ժամից ավելի միացնում ենք, ուղղակի այսօր փչացել էր, տվել ենք սարքելու: Մեզ մոտ նորմայով սահմանված ջերմաստիճանը պահպանվում է»,-արդարացավ փոխտնօրենը:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Նունե Բակունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հասարակական եւ վարչական շենքերի համար փողոցային հագուստով մարդկանց գտնվելու վայրում ջերմաստիճանը պետք է 14 աստիճանից ցածր չլինի, իսկ բժշկի սենյակում` 18-ից բարձր:
«Ջերմաստիճանի նորմերը սահմանված են քաղաքաշինական փաստաթղթով: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա առկա իրավիճակին, մենք Երեւանի քաղաքապետարանի հետ նախատեսել ենք դիտարկումներ, մոնիթորինգ իրականացնել՝ տեսնելու, թե որտեղ ինչ իրավիճակ է: Եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա անպայման այն կկարգավորվի: Մենք հետեւողական կլինենք, հատկապես ձեր ահազանգի հիման վրա, եւ կաշխատենք իրավիճակը ճշտել: Ամեն դեպքում, կարող եմ մի խորհուրդ տալ. եթե մարդ հիվանդ է, ապա թող ինքը չգնա պոլիկլինիկա, այլ կանչ անի»,-բացատրեց Նունե Բակունցը:
Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության աշխատակիցը փոխանցեց. «Այս հարցը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ուշադրության կենտրոնում է: Տվյալ պոլիկլինիկայի ջեռուցումը 2012-ի ծրագրով նախատեսված չի եղել: Այն հիմա քննարկման մեջ է: Այս տարի հավանաբար այդ հարցին լուծում կտրվի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս