ԴԱՏԱԽԱԶՆԵՐՆ ԻՐԱՐ «ՊԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած քաղաքացին բողոքում է իր որդու նկատմամբ իրականացվող անարդարությունից: Նրա պնդմամբ` ոստիկաններն ապօրինաբար կալանավորել են իր որդուն, նա արդեն մոտ 7,5 ամիս է` կալանավայրում է, եւ այդ ընթացքում Լոռու եւ Շիրակի դատախազները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է հաստատի այդ ապօրինի մեղադրանքը:
«2010թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ցերեկային ժամերին ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա եւ դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն եւ տղայիս՝ Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի:
2012թ. մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն եւ մեր որդուն տարել Վանաձորի ոստիկանություն՝ մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: Ներկայում մեր տղան անհիմն կալանավորված է եւ ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում՝ Լոռու եւ Շիրակի մարզի դատախազները, քննիչներն ու ոստիկանները: Ի դեպ, պետք է նշեմ, որ տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետեւ տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» «մեղադրանքը», դրա համար կարծես թե Շիրակի եւ Լոռու մարզերի դատախազները եւ քննիչները մտել են մրցավազքի մեջ. իրար, այսպես ասած, գործը «պաս են տալիս», չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա «բարդած» մեղքը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական մարդաշատ փողոցում՝ ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամին, եւ ինչպե՞ս է ստացվել, որ բացի այդ «վկաներից», որեւէ այլ՝ ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ, չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»»:

Դիմումատու, հուսալքված ծնողներ՝
Սերգեյ Շալիկոյի Մանուչարյան եւ
Ռուզաննա Հովհաննեսի Վարդանյան




Լրահոս