ԲԱՆԿԵՐԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականից  Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ՝ Երեւանյան փողոցի 6-րդ շենքում, սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: Այն 90-ականների սկզբին համանման այլ գործարանների պես լուծարվեց: Շենքն անցավ մասնավոր անձանց, որոնք այն  վերափոխեցին բազմաբնակարան տարածքի եւ որպես բնակարաններ` վաճառեցին անտուն նոյեմբերյանցիներին:  2011թ. հունվարին «Արտամետ» ՍՊԸ-ն այստեղ բացեց դրոսելների արտադրամաս: Դրոսելները փոքրիկ ձողիկներ են` պատված ֆերիտով: Դրանք էլեկտրական սարքավորումների մեջ հոսանքի չափանիշների բարելավման գործառույթ են կատարում: «Արտամետ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր, այժմ նաեւ Տավուշի մարզի  թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է: 2012թ. նոյեմբերից ձեռնարկության 34 աշխատողները հարկադիր պարապուրդի մեջ են: Ռուսաստան առաքված արտադրանքի դիմաց վճարումներն ուշացել են: Գ. Աբովյանն ասաց, որ «ՎՏԲ» բանկը պատրաստակամ էր նոր, մեծ արտադրողականությամբ հաստոցներ ձեռք բերելու համար տրամադրել 12 միլիոն դրամ վարկ՝ 10 տարի ժամկետով, տարեկան 10 տոկոսադրույքով: Բանկի Իջեւանի մասնաճյուղից վարկ վերցնելու համար պատրաստվել է փաստաթղթերի ամբողջ փաթեթը: Սակայն հետո բանկում պարզել են, որ Գագիկ Աբովյանը բանկերից մեկում 3-4 տարի առաջ 60 հազար դրամի վարկային ժամկետանց պարտավորություն է ունեցել: Նրան խորհուրդ են տվել ընկերության սեփականատիրոջ փոփոխություն կատարել, որպեսզի կարողանա վարկ ձեռք բերել: Գ. Աբովյանն ընկերության հիմնական սեփականատեր եւ տնօրեն է դարձրել իր եղբոր որդուն՝ Գուրգեն Աբովյանին: Սակայն «ՎՏԲ» բանկը դրանից հետո էլ մերժել է վարկ տրամադրել՝ ասելով, որ տնօրենի բարեկամը (այսինքն՝ Գագիկ Աբովյանը) վարկային ժամկետանց պարտավորություն ունի: Գ. Աբովյանն ասում է, որ «Ունիվերսալ» վարկային կազմակերպությունը «Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն»-ի միջոցով պատրաստ է վարկ տրամադրել, վարկային երաշխիքների 80 տոկոսն էլ պետությունն է տրամադրում: Սակայն այս դեպքում էլ  գործը չի ստացվում, քանզի վարկը պետք է տրվի որեւէ բանկի միջոցով: Գագիկ Աբովյանը նշեց, որ ստացվող վարկը թույլ կտար 1960-ական թվականներին արտադրված հաստոցները փոխարինել նորերով, նաեւ մեծ ծավալի պատվերներ ստանալ, վճարել հարկային տեսչությանն առկա ավելի քան 600 հազար դրամի պարտքը: «Բանկերին չի հետաքրքրում սահմանագոտում հայրենական արտադրության ճակատագիրը, դրանք միայն գերշահույթ են հետապնդում»,-նեղսրտում է Գագիկ Աբովյանը: Այդուամենայնիվ, տնօրենի խոսքով՝ գործարանի 34 աշխատողների աշխատավարձի պարտքերն աստիճանաբար մարվում են, եւ իրենք մտադիր են հունվարի 15-ին աշխատողների մի մասին հետ կանչել հարկադիր արձակուրդից եւ վերսկսել արտադրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս