100 հազար դոլարը խաշ-խորոված-խաշլամա են անելու ու ասեն` «Նաիրիտ»-ը վերագործարկելու հնարավորություն չկա. նախկին տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում պատգամավորներին կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀ իշխանություններին կհաջողվի գործարանը կրկին շահագործել:

-Պարո՛ն Ներսիսյան, ԱԺ-ում հաղորդում է ներկայացվելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Քաջատեղյակ լինելով գործարանի խնդիրներին` ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հնարավոր է «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը:

-Որեւէ բան էլ չի ստացվելու, քանի որ մինչեւ այժմ դրա համար որեւէ բան չի արվել, եթե կարողանան աշխատակիցների աշխատավարձերը վճարել, պետք է բավարարվել գոնե դրանով: Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ «Նաիրիտ»-ը հնարավոր չէ շահագործել, այն պարզ պատճառով, որ մենք երկաթուղի չունենք: «Նաիրիտ»-ը աշխատեցնելու համար պետք է առնվազն 500 հազար տոննա բեռնաշրջանառություն, այդքան պետք է բեռներ տանես-բերես, այդպիսի ճանապարհ Հայաստանը չունի, ու ինձ թվում է՝ առաջիկա 20 տարում չի էլ ունենա:

-Այդ դեպքում ինչո՞ւ են այդ հարցը քննարկում ու մշտապես հայտարարում, թե ամեն ինչ արվում է, որպեսզի կարողանան «Նաիրիտ»-ը վերագործարկել: Եթե որեւէ հնարավորություն չկա, նման հայտարարություններն ու այդ հարցի քննարկումն ի՞նչ իմաստ ունեն:

-Ես կարծում եմ, որ ընդամենը ձեւեր են թափում, երբ հայտարարում են, թե ինչ-որ մեկը կարող է գալ շահագործել, աշխատացնել, ընդհանրապես, տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ բան են ցանկանում անել: Բայց ոչ մի բան էլ չեն անում: Ուղղակի մի քանի ամիս առաջ Համաշխարհային բանկը 100 հազար դոլար գումար էր տվել՝ մոնիթորինգ անցկացնելու համար, աշխատացնելու հետ կապված, ես դեռեւս այդ ժամանակ ասեցի, որ այդ 100 հազար դոլարը խաշ-խորոված-խաշլամա են անելու ու գալու են հայտարարեն, որ որեւէ հնարավորություն չկա: Դա է լինելու, ուրիշ որեւէ բան չկա, քանի որ իրականում գործարանը չի կարող շահագործվել, ես արդեն նշեցի մի խնդիր, որի պատճառով անհնարին է դառնում գործարկումը: Արդյունքում կպարզվի, որ ես ճիշտ էի, քանի որ ես ասում եմ այն, ինչ կա:

-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն վաճառել «Նաիրիտ»-ի գույքը, դա գործարանից շահույթ ստանալու նրանց վերջին հնարավորությունն է: Ձեր կարծիքով` գնորդ կլինի՞, արդյո՞ք գործարանը կամ դրա գույքը կվաճառեն:

-Ի՞նչը վաճառեն, ով է հիմար, որ դա գնի, վաճառում են այն գործարանը, որն իր մեջ մի բան ունի, ինչ-որ բան դրանով կկարողանան անել, աշխատեցնել: Ես կարծում եմ, որ, ի վերջո, կգան այն եզրակացության, որ պետք է «Նաիրիտ»-ի հարցը վերջնական փակել, ծախել այդ մետաղը՝ կտրտած: Ես կարծում եմ, որ այնտեղ մի 150-160 միլիոն դոլարի մետաղ կլինի: Դժվար թե գտնվի որեւէ մեկը, որը կցանականա գնել մի գործարան, որը չի կարողանալու աշխատացնել: Մի բան հստակ է՝ «Նաիրիտ»-ում որեւէ բան չկա, որի հիման վրա կարելի է սկսել աշխատել: Ես կարծում եմ, որ նման տեղեկությունները տարածվում են, որպեսզի մարդիկ հույս կապեն գործարանի հետ:

-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ իր պաշտոնավարման առաջին օրերին հայտարարեց, թե ինչ-որ անհասկանալի պատմություն կա՝ «Նաիրիտ»ի հետ կապված, որը իրենք պետք է պարզեն: Ըստ Ձեզ` ի՞նչ առեղծվածային խնդիր կա՝ այդ գործարանի հետ կապված, որը ՀՀ իշխանությունները չեն կարողանում լուծել:

-Դա վերաբերում է «Նաիրիտ»-ի վաճառվելու, վերավաճառվելու, դրա տերերի հետ կապված պատմությանը: Վարչապետը դրա մասին է խոսել, եթե չեմ սխալվում, վարչապետը հայտարարեց, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ով է «Նաիրիտ»-ի տերը: Իսկ ես կարծում եմ, որ այդ տերերին պետք չի դրսում փնտրել, պետք է փնտրել ներսում՝ Տիգրան Սարգսյան, նրա եղբայրը, Վահան Մելքոնյան, ուրիշ մարդկանց պետք չէ փնտրել, մյուսները հեքիաթներից էին, իսկ իրականությունը սա է: Ուղղակի, իսկապես, «Նաիրիտ»-ում շատ վատ ու բարդ իրավիճակ է ստեղծվել, որին, կարելի է ասել, լուծում չկա:

Հ.Գ. «ԱԺ-ում «Նաիրիտ»-ի հարցով լսումներ կազմակերպելը ընդամենը ֆիկտիվ քայլ է, որով Կառավարությունն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ վերագործարկման հնարավորություններ չկան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս