ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեռեւս 1992թ. իմ հասանելիք բնակարանն Արաբկիրի համատիրության այն ժամանակվա ղեկավարը, քաղաքապետը եւ ՀԱՄԽ-ը ինձնից գաղտնի հատկացրել են ուրիշ մարդու: Դիմել եմ տարբեր մարմինների, նաեւ ներկայիս վարչապետին, սակայն ապարդյուն: Հիմա վտարման վերջնագիր են ներկայացրել Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի այն նկուղային, առնետներով լեցուն կացարանից, որտեղ մի կերպ ապրել եմ մինչ օրս: Ինձ կարո՞ղ է աջակցել քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հատկացնելով գոնե 2-սենյականոց բնակարան կամ հողատարածք Արաբկիրում:

Հրաչիկ Էլոյան (82 տարեկան, նկարիչ-մանկավարժ,
2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 3-ի հ.1180-Ն որոշմամբ Հ. Ներսիսյան փողոցի հ.3 հասցեում գտնվող անշարժ գույքից «Երեւանի հ.30 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ճաշարանի մասնաշենքն ու դրա զբաղեցրած եւ սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը, ինչպես նաեւ կաթսայատունն ու դրա զբաղեցրած եւ սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը հետ է վերցվել եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ ԿԳՆ-ի ենթակայության «Երեւանի հ.10 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին:
«Երեւանի հ.10 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը 01.07.2011թ. ապօրինի զբաղեցրած տարածքները ազատելու հայցով դիմել է ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհ. իրավասության դատարան, որն էլ  իր վճռով բավարարել է կազմակերպության հայցը:
Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ մերժվել է, իսկ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Նկատի ունենալով, որ  պետական միջոցներով կառուցվող բնակարանային ֆոնդը սպառվել է, ու Երեւանի քաղաքապետարանն իր տրամադրության տակ չունի նման իրավիճակների համար համապատասխան բնակարաններ, Էլոյանի խնդրանքը՝ 2-սենյականոց բնակարան հատկացնելու մասին, բավարարելու հնարավորություններ չկան:
Արաբկիրում բնակարանի կառուցման համար ֆինանսական աջակցությամբ հողատարածք հատկացնելու վերաբերյալ նշում եմ, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվ. 4-րդ կետի եւ 67-րդ հոդվածի՝ Երեւանում պետության եւ համայնքի հողերից հողամասերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, իսկ վաճառքը կատարվում է աճուրդով:
Համապատասխան հողակտոր աճուրդի ներկայացվելու դեպքում սահմանված կարգով Էլոյանը կարող է մասնակցել քաղաքապետարանում կազմակերպվող մրցույթներին եւ աճուրդներին:
Ինչ վերաբերում է 1992թ. Էլոյանի ընտանիքին հասանելիք բնակարանը այլ մարդու հատկացնելու խնդրին, ապա հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում նա կարող է դիմել դատական պաշտպանության:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
 տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Այն, որ ժամանակին մարդուն ստորաբար խաբել են, կարեւոր չէ, ոչ ոք չի ուզում դրա համար պատասխանատվություն կրել: Նաեւ պատկան մարմիններին չի մտահոգում 82-ամյա քաղաքացու՝ փողոցում հայտնվելու հավանականությունը:




Լրահոս