ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասնել՝ սեփականության իրավունքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող հողամասում նախկինում կառուցված շինությունը, որը ներկայում համարվում է ինքնակամ կառույց, գույքահարկով հարկվում է, թե ոչ: Ինչպիսի՞ն է բազան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության «Գույքահարկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռեւս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաեւ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները) համարվում են գույքահարկով հարկվող օբյեկտ:
Հայտնում ենք նաեւ, որ գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքով սահմանված դրույքաչափերով եւ կարգով հաշվարկվում է գույքահարկի գումարը: Ընդ որում՝
l Շինությունների հարկման բազա է համարվում ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը:
l Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է 3 տարին մեկ անգամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված (վերագնահատված) արժեքը հիմք է ընդունվում տվյալ տարվան հաջորդող 3 տարիների համար հարկման բազայի ձեւավորման համար:
գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանն այս դեպքում սպառիչ է եւ տրամաբանական, այլապես կստացվեր, որ ինքնակամ շինություն կառուցելն ավելի ձեռնտու է: