ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ հարյուրավոր երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստն են անցկացրել մարզաառողջարանային ճամբարներում: Հուլիսի 27-ին վարչական շենքերի հարակից տարածքից 20 օր տևողությամբ երրորդ հերթափոխով ճամբարներ են մեկնել 425 երեխաներ: Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել երկրորդ հերթափոխով հուլիսի 8-27-ը հանգստացած երեխաները: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը կհասնի 1175-ի: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ: