
Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի առաջին նիստը: Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների վերահսկողությունը Հայաստանում:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: Մեր նպատակն է այս ձևաչափի շնորհիվ համախմբել այն ուժերին, որոնք իսկապես ասելիք ու պատկերացում ունեն ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին», – նշեց վարչապետը:
Վարչապետը հավաստիացրեց, որ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի կարևորությունն ու անհրաժեշտությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:
«Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալ: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որ դրանց արդյունքները հանրության համար լինեն հասանելի: Մեր գործընկերների մի մասը հրաժարվեց մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք նրանց մասնակցելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե ԱԺ համապատասխան խմբակցությունները, թե հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն մեզ հետ, և իրենց գիտելիքներն ու փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ և առաջ շարժվել», – եզրափակեց նա:
Հավելենք, որ ընդդիմադիր կուսակցություններից խորհրդի նիստին մասնակցելու համաձայնություն էր տվել միայն ԲՀԿ-ն: