Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին կօժանդակի ԱՄՆ ՄԶԳ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: Այս մասին Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ ամերիկյան կողմը կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողքին է և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել: «Այդ նպատակով ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է չորս ուղղություններով` կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և ոստիկանություն, իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ծրագրեր: Սա կառավարության հետ արդյունավետ համագործակցության վառ օրինակ կլինի»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված են և նիստի աշխատանքներին մասնակցում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Թրանսափարենսի ինտերնեյշնլ» ՀԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից մասնակցում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:




Լրահոս