Այգիներում նստում-խոսում են, փողոց են փակում, բայց ինչո՞ւ. սա ինձ համար անընդունելի է. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության անդամնները, ՀԿ-ները և խորհրդարանական ուժերը պետք է միավորվեն` ստեղծված խնդիրների առաջ պայքարելու համար:

«Գոնե մեր Կառավարությունը յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության ականջալուր է եղել, պատրաստակամություն է հայտնել քննարկել յուրաքանչյուր հարց, որը հուզում է մեր հասարակությանը, բայց նստացույց անելը, փողոցներ փակելը, իմ կարծիքով,  ոչ մեկի շահերից չի բխում: Սա այն դեպքում կարելի է արդարացված համարել, երբ չլսենք իրենց, բայց Սերժ Սարգսյանից սկսած` չի եղել մեկը, որ պատրաստակամություն չի հայտնել իրենց հետ հանդիպելու և քննարկելու հարցը», – նշեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ քննարկումներ լինում են, բայց որոշումներ չեն լինում, վարչապետը ընդգծեց. «Ոչի՞նչ, որ բոլոր առաջարկությունները ողջամիտ չեն, ոչի՞նչ, որ տնտեսության մեջ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան»:

«Հոսանքի հետ կապված առաջարկ եղավ, ասացինք` քննարկենք: Թող աուդիտ լինի, եթե կգտնեն խախտումներ, թող պատժվեն: Մենք պատրաստ ենք նստել և խոսել. դա է միակ ճիշտ ճանապարհը երկիրը առաջ տանելու համար, թե չէ մյուս բոլոր ճանապարհները իրենց բացասական ազդեցությունն են ունենում երկրի առաջընթացի վրա: Փողոցում գնում, նստում-խոսում են, այգիներում նստում-խոսում են, փողոց են փակում, բայց ինչո՞ւ: Դա ի՞նչ է տալու, եթե ձեր նպատակը երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումն է: Կներեք, բայց ինձ համար այդ մեթոդը և ճանապարհը անընդունելի է», – հավելեց նա:




Լրահոս