
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կալանավոր Մելիք Ա.-ն հայտնել է նաև, որ նույն օրը ինքը ձերբակալվել է և տարվել ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը, սակայն ոստիկանության ծառայողները իրեն բուժօգնության նպատակով հիվանդանոց չեն տեղափոխել:
Մելիք Ա.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: