Հուլիսի 25-ին՝ ժամը 12.50-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի բուսաբանական այգում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այրվել է 15 հա տարածք: Բուսաբանական այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հսկողության տակ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի վերահսկողություն է իրականացվում այգում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, բուսաբանական այգում վերջերս հաճախակի են դարձել հրդեհները, որոնց պատճառով այգին բավականին մեծ վնասներ է կրում: Ինչի՞ արդյունք է դա, արդյո՞ք Ձեր կողմից պատշաճ վերահսկողություն է իրականացվում` կանխելու համար այդ ամենը:
-Ամառվա շրջանում միայն այդտեղ բռնկումներ չեն լինում, տարբեր տեղեր էլ նման հրդեհներ լինում են, այն տարածքները, որոնք մեծ են, այնտեղ էլ է բռնկվել, այն էլ ոչ թե մեկ անգամ, այլ ամեն տարի գրեթե լինում է: Ամառվա շջանում այդպիսի դեպքեր լինում են: Հսկողությունը… պահակային հսկողություն է սահմանված, սովորական հսկողություն է, երբեմն հիմնարկների համար մեծ թվով պահակներ պահելն էլ դժվար է, որովհետեւ ֆինանսական խնդիրների հետ է կապված: Համենայնդեպս, նորմատիվներին համապատասխան պահակային ծառայություն է իրականացվում:
-Բայց նշվում է, որ որեւէ վերահսկողություն չի իրականացվում, այգին ժամանակին չի ոռոգվում, ինչի արդյունքում էլ բռնկումները հաճախակի բնույթ են կրում: Ինչո՞ւ է նման բարձիթողի վիճակ ստեղծվել այգում, հարակից տարածքի բնակիչները նշում են, որ այնտեղ որեւէ հսկողություն չկա:
-Ցավոք սրտի, հիմնականում ենթադրվում է, որ դա հենց բնակիչների ձեռքի գործն է, որովհետեւ հնարավոր է՝ ինչ-որ մեկը ծխախոտ է գցել, ի վերջո, ինքն իրեն կրակը չի բռնկվում: Ես կրկնում եմ՝ կարող եք հետաքրքրվել ՌԴ-ում, ԱՄՆ-ում տարբեր շրջաններում նման հրդեհներ հաճախ են լինում, ցավոք սրտի, դա այդպես է: Պարիսպից այն կողմ գտնվում են Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միության կողմից կառուցվող բազմահարկ շենքերը, մի քանի հատ այդտեղ շենքեր կան, որոնք հենց անմիջապես այդ տարածքի կողքին են: Մյուս կողմից էլ՝ նոր բնակելի թաղամաս է: Դա այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, առավելապես խոտ է, ամառվա ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում է եւ մի փոքր բանից բռնկվում է, այդպիսի տարածք է: Այնտեղ ծառատեսակներ չկան, այնտեղ հիմնականում մացառներ են, թփեր: Էլի են եղել հրդեհներ, կարծում ե՞ք՝ դա առաջին անգա՞մն է:
-Իսկ գուցե այդ ամենը միտումնավոր է արվում, քանի որ տեղեկություններ կան, որ այդ տարածքում ցանկանում են նոր բնակելի շենքեր կառուցել:
-Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Չի բացառվում, որովհետեւ 3 տարբեր կողմերից է հրդեհը սկսվել: Բայց դա հիմք չի տալիս ինչ-որ բան ասելու, դեռեւս ուսումնասիրություններ են անցկացվում. եզրակացությունը կասեն:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միություն» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանից պարզել՝ արդյո՞ք նա մտադրություն ունի հրդեհված տարածքում էլիտար շենք կառուցել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հրդեհն արվել է հենց այդ նպատակով: Սակայն փոխնախարարը վրդովվեց մեր կողմից նշված տեղեկությունների բարձրաձայնումից եւ տարակուսելիորեն բուռն արձագանքեց` գոռգոռալով, թե դրա մեջ որեւէ տրամաբանություն չկա:
Նկատենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սովորություն են դարձրել հարցին պատասխանելու փոխարեն գոռգոռալը` այդպիսով փորձելով պաշտպանվել անցանկալի տեղեկություններից: Արդյունքում, սակայն, ստեղծվում է հակառակ տպավորությունը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ