Անցած ուրբաթ՝ հուլիսի 24-ին, Նորագավիթ 10-րդ փողոցի բնակիչների մոտ արձանագրվել էր աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպքեր: Արդյունքում հայտնաբերվել էին 50 հիվանդներ: Այս պահին հոսպիտալացված երկու երեխա կա, որոնց վիճակը, բարեբախտաբար, ծանր չէ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել են բակային համայցեր, որի արդյունքում հայտնաբերված մի շարք հիվանդների մոտ առկա են եղել նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Նորագավիթի բնակիչները պնդում են, որ բռնկման պատճառը ջուրն է եղել: Սակայն հուլիսի 24-ին եւ 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մանրէաբանական հետազոտություններն ընթացքում են:
Նորագավիթում տեղի ունեցած թունավորումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տեղի բնակիչների հետ, ովքեր պատմեցին, որ անցած ուրբաթ «Երեւան ջուր» ՓԲԸ-ն իրենց զգուշացրել է ջրանջատման մասին: Ինչից հետո բնակիչները սկսել են ջուր հավաքել: Բնակիչները պատմում են, որ հավաքված ջուրն ունեցել է դեղին գույն: Եւ հենց այդ օրը Նորագավիթ 10-րդ փողոցի բնակիչներն իրենց վատ են զգացել: Նորագավիթի բնակիչներից մեկը՝ տիկին Շողիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ մասնագետներն արդեն երեք անգամ ջրից նմուշառում են վերցրել: Սակայն երբ իրենք հետաքրքրվում են աղիքային հիվանդության պատճառների մասին, մասնագետները խուսափում են որեւէ հստակ պատասխան տալ:
Այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի հետ, ով հայտարարեց, որ նախնական տվյալներով՝ բնակիչների մոտ արձանագրված հիվանդության պատճառը ջրային բնույթի է եղել: «Մենք բակային համայցեր ենք արել եւ բոլորին բացատրել ենք, որ ջրանջատումից հետո պետք չէ անմիջապես ծորակը բացել ու խմել: Դրա համար պետք է թողնել, որպեսզի այն լավ հոսի, մաքրվի, իսկ բնակիչներն անմիջապես վերցրել են ու ոչ թափանցիկ ջուրը խմել: Բացի այս, եթե նման ջրանջատումներ են լինում, ապա պետք է մի երկու օր եռացրած ջուր խմել»,- լրացրեց մասնագետը:
ԱՆ ներկայացուցչի խոսքերով՝ տվյալ տարածքը սպասարկող «Երեւան ջուր» ընկերությունից բակային համայցերի ժամանակ նույնպես ներկայացուցիչներ են եղել. «Իրենք քաջատեղյակ են խնդրին, ջրագծեր են փոխում»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ