ՈՒԶՈՒՄ Է՝ ԵՐԿՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԽԱՎ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարեվերջին ԱՄՆ-ում կայացած “Armenian golden star” մրցանակաբաշխության ժամանակ երգիչ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ստացավ “Տարվա լավագույն վոկալ” մրցանակը: Այս մրցանակաբաշխությանը Համլետն արդեն երկրորդ անգամ է մասնակցում. 2009թ.  նա ստացել է “Տարվա լավագույն ժողովրդական երգիչ” կոչումը:
-Մրցանակները որեւէ կերպ ազդո՞ւմ են արտիստների վրա:
-Մրցանակները պարբերաբար ոգեւորում են, դա մեր աշխատանքի գնահատականն է: 10 տարի առաջ այդ մրցանակն ինձ այլ կերպ կոգեւորեր ու նոր աշխատանքներ կատարելու առիթ կլիներ: Չնայած հիմա էլ ձայնագրություն եմ անում ապագա սկավառակիս համար: Արդեն 5 երգ պատրաստ ունենք, մնացած երգերը ընթացքի մեջ են: 
-Ձեր կոլեգաներից շատերը նշում են, որ այլեւս ձայնասկավառակներ չեն թողարկելու, քանի որ անիմաստ գումար են ծախսում:
-Շատ ճիշտ են ասում: Ձայնասկավառակը, որը ես պատրաստում եմ, սիմվոլիկ ինչ-որ չափով եմ թողարկելու, պահեստներում չենք կուտակելու, որ հետո էլ պիռատը վաճառի, իսկ օրիգինալը մնա մեզ մոտ: Դրա համար էլ երգիչները խուսափում են բազմահազար սկավառակներ թողարկելուց: Սիմվոլիկ կթողարկենք, մնացածն էլ ինտերնետի միջոցով կտարածենք: Մենք՝ երգիչներս, սկավառակ թողարկելով, տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ ենք կորցնում:
-Ինչպե՞ս:
-Ենթադրենք երգիչը 10 տարի երգում է, նրան լսում են, սիրում: 10 տարի է՝ վաճառվում են նրա սկավառակները, ու բացառվում է, որ նա այդ տարիների ընթացքում մի 100 000 սկավառակ չվաճառի, մինիմումն եմ ասում, կույր հաշվարկ: Վաճառվելիք գներն էլ մենք գիտենք, ու եթե ամեն սկավառակից էլ երգչին 1 դոլար հասներ տեղ, երգիչն իր արդյունքը կունենար ու կլիներ  հասարակ միլիոնատեր: 
-Եթե սկավառակները եկամուտ չեն ապահովում, ապա որտեղի՞ց Ձեր եկամուտը:
-Կորպորատիվ միջոցառումներից` հարսանիքներ, ծննդյան արարողություններ, տարբեր առիթներ… Իսկ այն երգիչները, որոնք արժանի են լսվելու, բայց իրենց երգելաոճը մի քիչ այլ ժանրի է, նրանց մոտ ավելի բարդ է ֆինանսական այդ պահը: 
-Բոլորն էլ ուզում են ընտանիք պահել:
-Ե՛վ ընտանիք պետք է պահես, ե՛ւ հաջորդ գործի համար նորից գումար ներդնես: Սա խնդիր է նույնիսկ գումար աշխատող երգիչների մոտ:
-Ասում են, որ ամենից վճարունակը Ռուսաստանի հայ համայնքն է:
-Կհամաձայնեմ, 10 տարի առաջ այլ էր, ԱՄՆ-ն էր առջեւից գնում, բայց այսօր Ռուսաստանն է:  
-Մե՞ծ հոնորար է անհրաժեշտ Ձեզ խնջույքի հրավիրելու համար:
-Մեծ ասելը շատ հարաբերական է, որովհետեւ մեծից մեծն էլ կա: Չգիտեմ՝ ինչպես ասեմ, բայց այդքան էլ մատչելի չէ: Երբ սկսում ես ճանաչված դառնալ, անկախ ամեն ինչից՝ քո ծախսերը մեծանում են, առաջվա նման չի լինում, դրա համար էլ չես կարողանում մատչելի մատուցել քո երգը: 
-Որպես քաղաքացի՝ գո՞հ եք Ձեր սոցիալական կարգավիճակից:
-Դժգոհ չեմ, բայց կուզենայի, որ ավելին լիներ: Որպես այս երկրի քաղաքացի՝ կուզեմ, որ ժողովուրդն ավելի լավ ապրի: Միջին խավ լինի, ինչը շատ կարեւոր է ցանկացած երկրի համար: Իսկ երբ միջին խավը քիչ է, երկրի զարկերակը ճիշտ չի խփում:  
-Որպես երգիչ՝ ի՞նչն է Ձեզ պակասում:
-Պակասը սկսվում է սկավառակների թոհուբոհից, որ երբեք սկավառակները իրենց գումարը հետ չեն վերադարձնում, բայց պիռատի մոտ եկամուտը հարյուրապատիկ ավելի է լինում:
-Ի՞նչ եք կարծում, եթե օրիգինալ սկավառակները վաճառվեն ոչ թե 3000, այլ 1500 դրամով, կրկի՞ն կեղծը կգնեն:
-Ես այդ փորձն ունեցել եմ: Իմ ,Ծիրանի ծառի տակինե ձայնասկավառակի օրիգինալը որոշեցինք վաճառել ընդամենը 1000 դրամով: Նույնիսկ դա չօգնեց: Ծովահենները մտածեցին՝ իսկ ինչու վաճառվող կազմակերպությունից գնեն 700 դրամով ու վաճառեն 1000 դրամով, եթե կարելի է իրենց ավտոտնակում կամ նկուղում ձայնագրել 200 դրամով: Դե դու պայքարի՛ր, անօգուտ է:
-Իսկ ինչպե՞ս կարելի է վերահսկել այդ շուկան:
-Օրենքը հաստատված է Ազգային ժողովում, հին ձայնասկավառակներին տրված է 6 ամիս ժամանակ, որ մաքրեն: Չեմ հասկանում՝ ինչի համար է տրված այդ ժամկետը` գողե՛ր, գողացե՛ք եւս 6 ամի՞ս: Ու իբրեւ նոր սկավառակների վրա բացարձակ վերահսկողություն կա: Այդ առումով չեմ կարող ոչինչ ասել, քանի որ դեռ նոր սկավառակ չեմ թողարկել: Մինչեւ այս օրենքն ընդունվեց, սկավառակ հասկացողությունը կորցրեց իմաստը, հիմա արդեն կա ինտերնետ, որը վերահսկել անհնար է: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս