Թռչկանի կոչը՝ Սյունիքի արոտավայրերը Իրանին տրամադրելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թռչկանե քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, որոնց կոչ է անում անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Հայաստանի կողմից Իրանին Սյունիքի մարզից արոտավայրեր տրամադրելու ենթադրյալ նախաձեռնությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
Հարգարժան պարոնայք,
Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց Հայաստանը, (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը, (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը), պատրաստվում են ստորագրել ինչ-որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
“Օրեր” Եվրոպական անկախ ամսագիրը և Asbarez.com-ը հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ-որ հուշագիր:
Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ: Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:
Անհասկանալի է նաև, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին և չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ:
Ողջունում ենք Հայ-իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նախևառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին:
Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյոք այս հուշագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Եթե` ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել: Եթե կիսում եք մեր մտահոգությունները, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել ևս առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու և խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որևէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ,Տեղեկատվության ազատության մասինե ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ և ոչ հստակ պատասխաններ:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:




Լրահոս