Հունվարի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայրապետ Բ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ կանգնեցրել է 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ին պատկանող “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել վերջինիս որդին` 1997 թ. ծնված Կարեն Զ.-ն, որը շարունակել է երթեւեկությունը եւ ինքը զայրանալով` իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ եւ վնասել այն: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման տարածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրեղեն ապացույց որսորդական հրացանը գտնվում է 1972 թ. ծնված Համլետ Խ.-ի տանը: Համլետ Խ.-ն տան խուզարկության ժամանակ հայտարարել է, որ Հայրապետ Բ.-ի որսորդական հրացանը գտնվում է իր կնոջ քրոջ տանը, ինչն էլ վերջինիս տնից առգրավվել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հայրապետ Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: