Ակտիվիստական տուն-տունիկները. պայքարի արժեզրկումը դարձել է սովորություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջողված նախաձեռնությունները, հանրության շրջանում մեծ արձագանք գտած գաղափարները փչացնելը եւ արժեզրկելը Հայաստանում արդեն սկսել է ավանդույթի վերածվել: Ամեն անգամ, երբ որեւէ նախաձեռնություն հաջողության է հասնում կամ առնվազն ժողովրդականություն է ձեռք բերում, շատ չանցած սկսում ենք ականատես լինել, թե ինչպես է այն հետզհետե արժեզրկվում:

Իսկ ուշագրավն այն է, որ այդ արժեզրկումը միշտ չէ, որ տեղի է ունենում արհեստական, այսինքն՝ իշխանությունների կողմից հատուկ այդ նպատակով կազմակերպած գործընթացի արդյունքում: Ասենք՝ Կառավարության շենքի դիմաց նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները ժամանակին հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ «մխտռվեցին», այն աստիճան, որ մարդիկ այլեւս դադարեցին դրանց ուշադրություն դարձնել: Այս նպատակով իշխանություններն ընդամենը մեկ գործողություն կատարեցին. Կառավարության շենքի դիմաց «գործուղեցին», այսպես կոչված, ՀՀԿ-ի տատիկին:

Արդյունքում, այդ տարեց կինն իր վարքուբարքով այնքան արժեզրկեց Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիաները, որ մարդիկ դադարեցին դրանց ուշադրություն դարձնել:
Սակայն քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությունն անհամացնելու գործընթացը սովորաբար տեղի է ունենում «ինքնաբերաբար»: Ասենք՝ տվյալ նախաձեռնությամբ ոգեւորված երիտասարդների մի խումբը չի կարողանում կանգ առնել` անցած ճանապարհը գնահատելու եւ հետագա նոր անելիքները որոշելու համար: Արդյունքում մեկ կամ երկու տասնյակ երիտասարդներ շարունակում են հաջողված նախաձեռնության անվան տակ ինչ-որ ակցիաներ իրականացնել:

Մի օր հացադուլ են հայտարարում, հետո իրենք իրենց համոզում եւ դադարեցնում, մյուս օրը գնում, փողոցում մի քանի հոգով նկարվում եւ դա ներկայացնում, թե, ասենք, Բաղրամյան պողոտան փակել էին: Մյուսը հայտարարում են, թե հեսա իքս օրվանից Երեւանի բոլոր փողոցները փակում ենք ու այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ դադարեն իրենց եւ իրենց նախաձեռնությանը լուրջ վերաբերվել: Արդյունքում, նրանք հասնում են իրենց «նպատակին», մինչ այդ հաջողված համարվող նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում հանրային գիտակցության մեջ սկսում է վերածվել տուն-տունիկի՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով:

Այսօր նույն այդ գործընթացը տեղի է ունենում նաեւ էլէներգիայի սակագնի դեմ կազմակերպված «Ոչ թալանին» նախաձեռնության հետ: Երբ հունիսի 22-ին մարդիկ այս նախաձեռնության կոչով հավաքվեցին Ազատության հրապարակում եւ այնուհետեւ երթով գնացին Բաղրամյան պողոտա, թերեւս կազմակերպիչների համար եւս իրավիճակը անակնկալ էր: Դժվար է ասել՝ արդյոք նրանք նման մեծ արձագանքի սպասում էին, թե ոչ: Իսկ երբ նստացույցը ցրելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, հազարավոր մարդիկ երեկոյան կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում եւ կրկին երթով գնացին Բաղրամյան պողոտա, այլեւս ակնհայտ էր, որ նախաձեռնությունը հաջողվել էր: Ենթադրվում էր, որ հաջորդ քայլով նախաձեռնությունը պետք է պաշտոնապես արձանագրեր իր հաջողությունը, այսինքն՝ ինչ-որ փաստաթղթով ամրագրվեր էլէներգիայի սակագնի չբարձրանալու հանգամանքը: Սակայն նման բան չեղավ, քանի որ երկխոսություն տեղի չունեցավ իշխանության եւ ցուցարարների միջեւ:

Ընդամենը եղավ մի հայտարարություն աուդիտ հայտարարելու պատրաստակամության վերաբերյալ: Արդյունքն էլ եղավ այն, որ Բաղրամյան պողոտայում մնացած մի քանի տասնյակ ակտիվիստներին ոստիկանությունը հուլիսի 6-ին ուժով հեռացրեց տարածքից, եւ պայքարն ավարտվեց: Այսօր մի քանի ուշացած ակտիվիստներ այս օրերին տարբեր կարգի «տուն-տունիկներ» են կազմակերպում՝ այդպիսով նպաստելով, որ Բաղրամյան պողոտայի «հունիսյան գրավումը» հանրային գիտակցության մեջ իսպառ արժեզրկվի: Եւ առաջիկայում նման մասշտաբի ակցիաները դառնան ավելորդ եւ անիմաստ մի բան:

Վահագն Հովակիմյան




Լրահոս