Սիրիայի Հալեպ քաղաքը, որը բաժանված է իշխանական ու ապստամբ ուժերի միջև, մի քանի շաբաթ շարունակ ջրամատակարարման ու էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն երեկ «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իրավիճակը մի փոքր լավացել է. օրական 6 ժամ էլեկտրամատակարարում է ապահովվում, սակայն համացանցից օգտվել նախկինի նման անհնար է:
Հալեպում իրավիճակն ընդհանուր առմամբ շարունակում է լարված մնալ. նախօրեին Նայյալ շրջանում պայթյունը խլել է մեկ մարդու կյանք, մի քանիսը վիրավորվել են, ռմբակոծությունների է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ շրջանը:
Սիրիայի Էլ Հասակե քաղաքից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ քաղաքի շրջաններից մեկում հայտնաբերվել է հայազգի Արսեն Պետրոսյանի դին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Արսեն Պետրոսյանը զոհվել է Զահուր շրջանում` «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու ժամանակ: