Սրանք շեղող օպերացիաներ են. Արամ Հարությունյանը` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ խորհուրդի առաջին նիստը, որին ընդդիմադիր կուսակցություններից մասնակցում էր միայն ԲՀԿ-ն:

Երեկվա նիստի և հանձնաժողովից սպասելիքների մասին Armlur.am-ը զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, տեղի է ունեցավ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի առաջին նիստը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խորհրդի գոյությանը և ինչ եք կարծում` այն կարող է ի՞նչ-որ արդյունք գրանցել:

-Մեր մոտ քանի որ բոլորը գիտեն` որտեղից է գալիս, ինչպես ռուսական առածն է ասում` ձուկը գլխից է հոտում, նախագահն էլ վերաձևակերպեց, որ պետք է գլխից բռնել. ինձ թվում է` ամեն ինչ ասված է: Այսինքն, սրանք շեղող օպերացիաներ են: Հարցը հետևյալն է՝ ամեն ինչ կատարվում է վերևի, կոպիտ ասած թելադրանքով, հանձնարարականով: Այսինքն անիմաստ է: Բոլորն էլ հասկանում են` ինչ է կատարվում: Եթե այսօր Տիգրան Սարգսյանը ազատ շրջում է Ամերիկայի փողոցներով, այդ դեպքում անիմաստ է խոսել այդ հանձնաժողովի աշխատանքների մասին:

– Ընդդիմադիր կուսակցություններից միայն ԲՀԿ-ն էր մասնակցում նիստին: Դուք սա հանձնաժողովի հանդեպ վստահության պակասի հետևա՞նք են համարում:

-Վստահության խնդիր չկա: Նորից եմ ասում՝ ամեն ինչ վերևից է գալիս: Երբ այդ հանձնաժողովը սկսի լուրջ զբաղվել, պետք է հասնի մի պատի ու այդ պատը հասկանալի է, որ իշխանության պատն է՝ սկսած նախագահից, նախկին վարչապետով և այլն: Թե իրենք հիմա ինչ որ բաժնի պետի կամ նախարարության ինչ-որ աշխատողի որևէ հարցում կմեղադրեն, կհամարեն, որ Հայաստանում պրոբլեմները այդ մարդու հետ է կապված, այդ արդեն իմիտացիոն գործընթաց է:

-Ի՞նչ կարծիք ունեք հանձնաժողովի կազմի մասին: Անդամները Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են:

-Հանձնաժողովը ինձ չի հետաքրքրում, որովհետև հանձնաժողովը բան չի կարող անել: Հայաստանում ինչ-որ մեկին պատժում են իշխանություններին «քցելու համար», ոչ թե օրենքը խախտելու համար: Այս հանձնաժողովները կգան կանցնեն, միշտ էլ ստեղծվել են տարբեր տարիների, բայց որևէ էական արդյունք չեն տվել:

Արփինե Թովմասյան




Լրահոս