«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանքի տակ պահելու համար իրեն որեւէ մեկը չի զանգահարել:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց բավարարել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, երկամսյա կալանքի տակ պահել: Եւ այդ որոշման «ծանր բեռը» դրվեց երիտասարդ Արթուր Ստեփանյանի վրա, որն ընդամենը 7 ամիս առաջ է նշանակվել դատավոր:
«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, որպես Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ մտավախություններ չունե՞ք, որ Ձեր նախագահությամբ գործող դատարանի նորանշանակ դատավորը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորեց:
-Դուք գիտեք կոնկրետ՝ Արաբկիր դատարանը օրական քանի կալանքի հարց է քննարկում, եւ սա էլ հերթական միջնորդություններից մեկն է եղել, որ քննարկվել է:
-Այս դեպքը հերթականը չի կարող համարվել, սա բավականին աղմկալի գործ է, եւ գործում Սուրիկ Խաչատրյանի որդին է:
-Հո Սուրիկ Խաչատրյանի հարցը չենք քննարկել, տարբեր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող անձի կալանքի հարցն է քննարկվել: Կարող է Ձեր լրատվամիջոցների համար է սա յուրահատուկ թվում:
-Մարզպետի որդու պաշտպանը դատարանից մեկ օր ժամանակ էր խնդրել, որպեսզի իր պաշտպանյալի անմեղությունը ապացուցող փաստեր ներկայացներ, սակայն այն մերժվեց դատավորի կողմից: Դրանից հետո Տիգրանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտարարեց, որ ակնհայտ միտում կա դատարանի որոշման մեջ: Ըստ նրա՝ ինչ-որ մեկին պետք է «հրատապ կալանավորել» Տիգրան Խաչատրյանին:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ դատարանը, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, խափանման միջոց կալանքի հարցը քննարկում է անհապաղ, ոչ ուշ, քան նույն օրը:
-Իսկ ինչպես որոշվեց, որ այս աղմկալի կալանքի հարցը պետք է քննի 7 ամիս առաջ նշանակված դատավորը՝ Արթուր Ստեփանյանը, որը փորձառու չէ:
– Դատարանի նախագահն է որոշում:
-Ինչո՞ւ կանգ առաք հենց այս դատավորի վրա:
-Երեկ չեմ որոշել, դատարանի նախագահի կողմից երկու ամիսը մեկ սահմանվում է դատավորների միջդատավարական վարույթին ներգրավվելու հարցը եւ այդ օրը, ըստ իմ կողմից տրված հրամանի, Արթուր Ստեփանյանի օրն էր:
-Ձեր այս որոշումը միգուցե նորանշանակ դատավորի համար ճակատագրական լինի, ի վերջո, նա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն է կալանքի տակ պահել. գիտե՞ք՝ Սյունիքում ինչեր են պատմում մարզպետի մասին:
-Չեմ հասկանում Ձեր հարցը, ինչով կարող էր դատավորի համար մինչդատավարական վարույթի միջնորդության հարցը ճակատագրական լինել:
-Սուրիկ Խաչատրյանը իշխանությունների, Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող մարզպետ է, սա բավական չէ՞:
-Ինձ կներեք, որպես դատավոր չեմ հասկանում Ձեր հարցերի իմաստը: Հիմա ես ե՛ւ դատավոր եմ, ե՛ւ դատարանի նախագահ, ուստի նույն միջնորդությունը կարող էի ես քննարկել, եթե իմ օրը լիներ: Չեմ հասկանում Ձեր հարցը:
-Հասկանալու բարդություն թերեւս չկա. ընդամենը փորձում ենք պարզել՝ դատարանին հեռախոսազանգ, միջնորդություն եղե՞լ է Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու հարցով:
-Կոնկրետ ինձ որեւէ զանգ չի եղել:
-Իսկ եթե լիներ զանգ՝ չկալանավորելու մասին, նույն համարձակությամբ որոշում կկայացնեի՞ք:
-Չէր կարող լինել, քանի որ մեզ զանգեր չեն լինում միջդատական վարույթում կամ, առհասարակ, քրեական, քաղաքացիական գործ քննելուց:
Քնար Մանուկյան