«Թուրքիայում բավական խառը, բարդ, խճճված, քաոսային իրավիճակ է: Այստեղ ոչ միայն քրդական խնդիրն է սրացել, այլ նաև խնդիրներ կան «Իսլամական պետության» հետ, ինչպես նաև մեկ ամսից ավել է՝ Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավարություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Նրա խոսքով, թուրքական իշխանություններին պետք են նոր ջանքեր, որպեսզի կարողանան խաղաղությունը վերականգնել, իսկ թե դա ինչպես պետք է հաջողվի Էրդողանին, ըստ թուրքագետի, բավական բարդ է ասել:
«Շատ կարևոր զարգացում է տեղի ունենում Թուրքիայում: Երկու տարվա պայմանական հրադադարից հետո «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և թուրքական պետության միջև արյունալի բախումները վերսկսվել են: Այսինքն` նշանակում է, որ Էրդողանի քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում»,-հավելեց թուրքագետը:
Պետրոսյանը նաև նշեց, որ մեր շահերից է բխում Թուրքիայում տեղի ունեցող ներքին խժդժությունները. «Թուրքիայի արտաքին քաղաքականության հենասյուններից մեկը հայատյացությունն է և հակահայ քաղաքականություն վարելը: Ուստի որքան քիչ ռեսուրսներ կենտրոնացվի հակահայ ճակատում, այնքան մեզ ավելի ձեռնտու է»,-հավելեց նա: