Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա անուղղակի, բայց բավական բացահայտ կերպով քննադատել է Սերժ Սարգսյանին, դարձել էր իշխանական կուլիսներում քննարկումների թիվ մեկ թեման: Ու թեեւ ՀՀԿ-ականները բավական մեղմ էին իրենց մեկնաբանությունների մեջ, այնուամենայնիվ, նկատելի էր նրանց շփոթմունքն ու բացասական վերաբերմունքը երբեմնի «շեֆի» նկատմամբ:
Բանն այն է, որ առաջին իսկ նախադասությամբ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը անհետաքրքիր է որակել՝ շեշտելով, որ հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը լրագրողին հարցազրույց տալու խոստումն է: Իսկ ակտիվ քաղաքականություն չվերադառնալու իր որոշման վերաբերյալ նա նշել է երեք հիմնական հանգամանք: «Առաջինը՝ իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»,-ասել է նա:
Փաստորեն, Քոչարյանը Ս. Սարգսյանին հիշեցնում է, որ իր շնորհիվ է նա հայտնվել նախագահի պաշտոնին, ասել է թե՝ իր պաշտոնական առաջխաղացման համար պարտական է իրեն: Ուշագրավ է նաեւ այն, որ Քոչարյանն իր հարցազրույցում բացահայտ տարբերակում է դնում հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ: Ավելին, հայտնի փաստ է, որ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը ի հայտ եկավ հենց Հայաստանում Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, մանավանդ որ 1997թ. նա ՀՀ վարչապետ նշանակվեց միայն այն պատճառով, որ ղարաբաղցի էր: Սակայն ինքը՝ Քոչարյանը, նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ: «Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է»,-դեռ 2005թ. ապրիլի 12-ին հայտարարել էր նա ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ՝ նաեւ հավելելով, որ ինքն իրեն ինչ-որ տեղ համարում է հայաստանցի: «Ինչ վերաբերում է այն բանին, թե մեր պաշտոնյաներից ովքեր են ղարաբաղցիներ` Սերժ Սարգսյանը, որը կիսով չափ ղարաբաղցի է, կիսով չափ` զանգեզուրցի: Ղարաբաղցիներն այդքան էլ ներկայացված չեն պետական համակարգում, բացի նախագահից… Ես երբեք ինձ չեմ առանձնացրել Հայաստանից»,-ասել է նա:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. Քոչարյանն այս հարցազրույցում Ս. Սարգսյանին ներկայացնում է ընդամենը որպես նախկին գործընկեր: Մինչդեռ նախկինում ե՛ւ Սարգսյանը, ե՛ւ Քոչարյանը միմյանց մասին արտահայտվել են որպես ընկերներ, որոնք կյանքի ճանապարհ ու պատերազմ են անցել իրար հետ: Իսկ մամուլն ու հասարակական-քաղաքական գործիչները նրանց որակել են «սիամական երկվորյակներ»: Ավելին, 2008թ. փետրվարի 17-ին Քոչարյանը հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ս. Սարգսյանի մասին ասել էր. «Ես իմ ընտանիքի անվտանգությունը, իհարկե, կվստահեմ Սերժ Սարգսյանին, տնտեսական հարցերը, երկրի հաջողությունն ու ապագան կկապեմ նրա հետ, քանի որ չի եղել մի տեղ, որ նա, ստանձնելով պաշտոնը, ձախողվի: Ճիշտ հակառակը, շատ կարճ ժամանակահատվածում էական բարելավում է գրանցում: Սա նշանակում է աշխատունակություն, հետեւողականություն, կամքի դրսեւորում եւ պատասխանատվություն ժողովրդի առջեւ: Սրանից լավ էլ ի՞նչ որակներ»:
Այսօր, սակայն, նույն Քոչարյանը հակառակն է պնդում՝ ձախողումներ արձանագրելով Ս. Սարգսյանի կառավարած երկրում: «Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, եւ սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում… Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում,-մատնանշել է նա՝ մեջբերելով մի քանի ցուցանիշ.-չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը: Եւ երրորդը. քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե դա ընդամենը Քոչարյանի տեսակետն է, ու յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտի քննադատությանը, ըստ Սահակյանի՝ առաջին հերթին իրենք են բարձրաձայնում այդ ամենի մասին ու փորձում լուծել խնդիրները:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ