Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ հայտնվել է սնանկության եզրին: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է դատարանի վճիռը, որով ՀՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչել: Իսկ ինչ հիմքով է քաղաքացի Օհանյանը դիմել դատարան: Տեղեկացանք, որ վերջինս դատարանում հայտնել է, թե 2011թ օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Մելիքյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն 520 հազար դրամ: Սպարտակ Մելիքյանը չի կատարել դատարանի վճռով հաստատված պահանջը: Արդյունքում, Կարապետ Օհանյանը հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ հղում է կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին եւ խնդրել է, որ Սպարտակ Մելիքյանին ճանաչեն սնանկ:
Իսկ ինչու պետք է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը քաղաքացի Կարապետ Օհանյանին վճարեր 6 միլիոն 520 հազար դրամ: Պարզվում է, որ 2011թ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Կարապետ Օհանյանն իրեն պատկանող «OPEL VECTRA» մակնիշի 14 ՕՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել է Սպարտակ Մելիքյանի հորը` Սեյրան Մելիքյանին:
Հենց այդ օրը տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով պատգամավորի հայրը` Սեյրան Մելիքյանը, մահացել է: Արդյունքում ամբողջովին ջարդվել է նաեւ Կարապետ Օհանյանին պատկանող «OPEL VECTRA 1,6» մակնիշի ավտոմեքենան:
Եվ, ահա, դեպքից 1 ամիս հետո Կարապետ Օհանյանը դիմում է պատգամավորին եւ հայտնում, որ տեղի ունեցած վթարից իր մեքենան ամբողջովին վնասվել է, իսկ ինքն առանց մեքենայի չի կարող ապրուստի միջոցը հոգալ, քանի որ ամուսնացած է եւ իր խնամքին է բազմանդամ ընտանիքը: Ուստի խնդրել է հատուցել մեքենայի արժեքը կամ նմանատիպ այլ ավտոմեքենա տրամադրել:
Սպարտակ Մելիքյանը, սակայն, նրան մերժել է, եւ Կարապետ Օհանյանը, այլ ելք չունենալով, դիմել է դատարան, որպեսզի դատարանի միջոցով կարողանա ստանալ իր գումարը: 2011 թվականին էլ դատարանը որոշել է պատգամավոր Սպարտակ Մելիքյանին պարտավորեցնել, որ վճարի Կարապետ Օհանյանին 6 միլիոն 520 հազար դրամ: Ինչպես նկատում ենք՝ 2011 թվականին հրապարակված վճռից անցել է 4 տարի, սակայն պատգամավորն այդպես էլ չի կատարել դատարանի վճիռը, եւ Կարապետ Օհանյանը, հերթական անգամ դիմելով դատարան, այս անգամ էլ պահանջում է, որ Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչեն:
2015 թվականի ապրիլի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սպարտակ Մելիքյանին դիմում է ուղարկում առ այն, որ նրա սնանկության մասին վարույթ է սկսվում: Պատգամավորը պատշաճ կարգով ստանալով դատարանի դիմումը` սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկության հարցը: Գործը նախագահող դատավոր Տիգրան Փոլանդյանն էլ, ուսումնասիրելով դատարան ներկայացված ապացույցները, 2015թ ապրիլի 27-ին վճռել է Կարապետ Օհանյանի դիմումը` Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել եւ պատգամավորին սնանկ ճանաչել:
Ավելին՝ ըստ դատարանի` Սպարտակ Մելիքյանից հօգուտ Կարապետ Օհանյանի պետք է բռնագանձվի 100.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար եւ որպես դատական ծախս: Հավելենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսքանով չի բավարարվել եւ որոշել է արգելանք դնել Սպարտակ Մելիքյանին սեփականություն իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՅՈՒՂԱՑԻՆ ԻՆՔՆ ԻՐ ՀՈՒՅՍԻՆ Է
Գրեթե ամեն տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելում է Հայաստանի մարզեր, գյուղեր եւ բնակիչներին խոստումներ տալիս, որ գյուղացիներն այս տարի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն ունենա: Սակայն հասնում է այն վաճառելու ժամանակը, եւ գյուղացին կրկին կանգնում է իրացման խնդրի առաջ:
Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Մինչդեռ շատերը, հավատալով գյուղնախարարի խոստմանը, թե գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենալու, վարկեր են վերցնում եւ տարեվերջին կանգնում փաստի առաջ:
Բավական է հիշել օրեր առաջ Արարատի մարզում ստեղծված իրավիճակը. ծիրանի մշակությամբ զբաղվող մի շարք գյուղացիներ բողոքում էին, որ «Արտֆուդ» ընկերությունը չի մթերել իրենց ծիրանը: Տեղեկացնենք, որ «Արտֆուդ»-ի սեփականատերերից մեկը հենց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Իսկ ավելի վաղ՝ գարնանն էլ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները բախվեցին կարտոֆիլի իրացման խնդրին: Նրանց նույնպես գյուղնախարարը խոստացել էր, որ բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Սակայն ստացվեց հակառակ պատկերը: Մարդիկ մի կերպ կարողացան իրենց ապրանքը ներքին շուկայում իրացնել: Ավելին՝ իրացման հետ կապված խնդիրը մեր հանրապետությունում, չգիտես ինչու, կարգավորվում է միայն ֆերմերների համար, իսկ հասարակ գյուղացին շարունակում է տուժել ու վնասներ կրել: Այս անգամ հերթական խնդրի առաջ հայտնվել են Տավուշի մարզի գյուղացիները. նրանք այս օրերին մի կերպ են կարողանում իրացնել իրենց աճեցրած դեղձը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանի հետ, ով ասաց. «Գյուղացին է իր գլխի ճարը տեսնում: Իրենք իրենց ապրանքը մի կերպ այստեղ-այնտեղ վաճառում են: Կան մարդիկ, ովքեր իրենց սեփական մեքենաներով ապրանքը դուրս են հանում երկրից կամ բերում են Երեւան ու քաղաքի շենքերի բակերում են փորձում վաճառել»:
Գյուղապետի խոսքերով՝ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները խոստացել էին գալ գյուղ եւ դեղձի մթերման հարցով պայմանավորվածույթուն ձեռք բերել: Սակայն առայժմ նրանք չեն երեւացել: «Այս պահին իրացման հետ կապված խնդիրն այդքան էլ մեծ չէ, քանի որ հիմա մարդիկ վաճառում են վաղահաս դեղձը, իսկ ամսվա վերջին, երբ կհասնեն դեղձի մյուս տեսակները, այդ ժամանակ խնդիրներ կառաջանան»,- ներկայացրեց գյուղապետ Հովհաննիսյանը:
Իսկ, ահա, Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դեմիրչյանը տեղեկացրեց, որ «Սպայկա» ընկերությունը դեղձի մթերման հարցով պայմանավորվածություն ձեռք է բերել միայն ֆերմերների հետ: Ստացվում է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս գյուղերում հասարակ գյուղացին պետք է իր ուժերով կարողանա գյուղմթերքը վաճառել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, 1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. օգոստոսի 29-ից, որպես մարտական դիրքի ավագ, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, նույն դիրքում որպես դիտորդ նշանակված Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին:
Մ. Սիրեկանյանին պատճառվել է կյանքին սպառնացող ծանր վնաս: Ծառայակիցներն անմիջապես միջամտել են, Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ընթացքում Ա. Դիլբարյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, որ այդ օրը գումարտակի պաշտպանական շրջանում մարտական դիրքերի ստուգողներ պետք է գային, ինչի կապակցությամբ ինքը կարգադրել է մաքրել հենակետի տարածքը:
Տեսնելով, որ գետնատնակի դիտորդ, կրտսեր սերժանտ Մ. Սիրեկանյանն առանց բաճկոնի եւ սաղավարտի է, կարգադրել է դրանք հագնել: Սակայն վերջինս չի ենթարկվել հրամանին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի: Ծագած վիճաբանության ընթացքում Մ. Սիրեկանյանը բռունցքով հարվածել է Ա. Դիլբարյանի դեմքին, վերջինիս քիթն արյունահոսել է: Լվացվելուց հետո Դիլբարյանը մտածել է վրեժխնդիր լինելու մասին: Նա գետնատնակի մոտ տեսնելով իրեն ընդառաջ գնացող Սիրեկանյանին՝ գրպանից հանել է դանակը եւ հարվածել վերջինիս կրծքավանդակին:
Դիլբարյանը դատարանում հայտնել է, որ դանակահարումից հետո ինքն օգնության համար ջուր է բերել, երբ Սիրեկանյանը ուշագնաց է եղել, ինքը ցանկացել է ինքնաձիգով ինքնասպան լինել, սակայն ծառայակիցները խոչընդոտել են: Դատարանը ապացուցված է համարել, որ Ա. Դիլբարյանը դանակահարելով ցանկացել է ոչ թե մահ, այլ մարմնական վնասվածք պատճառել, ինչն ապացուցվում է արարքի կատարման պատճառով, հարվածի քանակով եւ դանակահարումից հետո Ա. Դիլբարյանի դրսեւորած վարքագծով: Դատարանը վերաորակավորել է Ա. Դիլբարյանի կատարած արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ