Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1 փողոցում դեկտեմբերի 24-ին` ամանորյա տոներին ընդառաջ, բոլորը զարդարել էին իրենց բնակարանները եւ շքամուտքերը, սակայն, լսելով նույն համայնքի բնակիչ 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան բոթը, ամեն ինչ փոխվեց. դպրոցներում նախատեսված հանդեսները չկայացան, քանդվեցին փողոցի տոնածառերը, եւ տոնը փողոցում վերածվեց սգի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երեւանի զինվորական հավաքակայանից ԼՂՀ զորամասերից մեկը զինծառայության տեղափոխվելու ժամանակ վատացել, ապա հոսպիտալում հանկարծամահ էր եղել զինակոչիկ, 1994թ. ծնված Նորայր Նվերի Սահակյանը: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ն այցելեց Սահակյանների բնակարան:
«Դեկտեմբերի 21-ն աշխարհի վերջն էր, ասում էի՝ տղա՛ ջան, գոնե այդ օրը չգնաս, բայց փաստորեն այդ օրը իմ եւ իմ տղայի համար դարձավ աշխարհի վերջը»,-մեզ հետ զրույցում ասաց հանկարծամահ եղած զինվորի մայրը՝ Կարինե Մնացականյանը: Տեղեկացանք, որ վաղամեռիկ Նորայրը ընտանիքի ավագ տղան է, ունի 3 եղբայր. 5 տարի զբաղվել է բռնցքամարտով:
Զինվորի 35-ամյա մայրը մեզ վստահեցրեց, որ իր որդին ոչ մի հիվանդություն չի ունեցել, ավելին, դեկտեմբերի 21-ին՝ վաղ առավոտյան, առողջ եւ ուրախ ճանապարհվել է բանակ: «Ինձ ասում էր՝ մա՛մ ջան, ես գնալու եմ Ղա-րա-բաղ ու վերջ,-լացակումած պատմեց մայրը` պարզաբանելով, որ որդին այդ խոսքերով նախատրամադրել է ծնողներին, որ պատրաստ լինեն ամեն ինչի:-Այդ օրը որդիս առավոտյան տանը միայն թեյ է խմել եւ գնացել Չարբախի հավաքակայան: Արդեն այնտեղ երեխաս 37.1 աստիճան ջերմություն է ունեցել, սակայն մեզ ոչինչ չի ասել: Ավելի ուշ տեղեկացանք, որ Չարբախի հավաքակայանի բժիշկներից մեկը սրսկել է որդուս, ու այդ վիճակով երեկոյան՝ ժամը 19:30-20:00-ի սահմաններում, զորակոչիկներին տեղափոխել են ԼՂՀ»: Մոր խոսքով՝ իրենց այդ մասին պատմել են որդու հետ եղած նորակոչիկները:
Տիկին Կարինեն նշեց նաեւ, որ Նորայրի վիճակը ճանապարհին ավելի է վատացել, եւ երբ իր վիճակի մասին նա տեղյակ է պահել ուղեկցող ռազմական ոստիկանին, վերջինս Նորայրին ասել է, թե սուտ է խոսում: «Մեզ մի քանի զինվորներ պատմել են, որ Ղարաբաղի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի պատճառով զինվորական ավտոբուսը մի քանի ժամ կանգ է առել, ու այդքան ժամանակ իմ երեխան տանջվել է»,-ասաց մայրը: Նա պատմեց նաեւ, որ այդ գիշեր զորակոչիկներից մեկի հայրը մեքենայով գնացել է զինվորների ավտոբուսի հետեւից եւ տեսել, թե ինչպես են ոստիկանները Նորայրին իջեցրել ավտոբուսից, եւ ինչպես է նա սրտխառնոցից փսխել: «Այդ մեքենան որ գնացել է զինվորների մեքենայի հետեւից եւ ականատես եղել, թե ինչ է կատարվել ճանապարհին, խնդրում եմ՝ թող գան, մեզ պատմեն, թե ուրիշ ինչ են տեսել: Մենք իրենց գաղտնիությունը կապահովենք»,-անհայտ ականատեսին դիմեց մահացած զինվորի մայրը:
Նորակոչիկի հայրը` Նվեր Սահակյանը, նշեց, որ ԼՂ Խոջալուի հավաքակայանում որդու ջերմությունը շատ բարձր է եղել, որտեղից ստիպված են եղել նրան տեղափոխել հոսպիտալ, ներարկումներ արել: Հոր պարզաբանմամբ` Ղարաբաղից սպաներ եւ բժիշկներ են եկել, ասել, որ մի քանի զինվորներ եւս տաքություն են ունեցել եւ տեղափոխվել հոսպիտալ: Մայրն էլ ավելացրեց, թե Նորայրը Խոջալուից բուժքրոջ հեռախոսահամարով զանգահարել է իրենց եւ ասել. «Մի քիչ տաքություն ունեմ, 2 օրից դուրս կգրեն»: Այսպիսով, երբ ընտանիքի անդամները իմացել են, որ որդին բարձր ջերմությամբ տեղափոխվել է հոսպիտալ, անմիջապես բարեկամներով, հարազատներով դեկտեմբերի 24-ի առավոտյան որոշել են ճանապարհ ընկնել ԼՂՀ: Սակայն հենց առավոտյան Էրեբունու զինկոմիսարիատից զանգահարել են Նորայրի հարազատներին եւ հայտնել, որ տղան մահացել է:
Ըստ Նորայրի ծնողների՝ իրենց որդու մահվան պատճառն անտարբերությունն է եղել: Զինվորի տատիկը՝ Սրբուհի Քոթորյանը, փորձելով հանգստացնել իր դստերը, լացակումած եւ զայրացած ասաց. «Եթե երեխան ջերմել է, ինչո՞ւ նրան չեն տեղափոխել ճանապարհին գտնվող որեւէ հոսպիտալ, գոնե տանեին, ստուգեին, եթե խաբած լիներ, թող մի հատ էլ քացի տային, բայց ոչ թե անտարբերություն ցուցաբերեին: Խեղճ երեխայիս այդ վիճակում քշել են Խոջալու»:
Մահացածի հարազատներն այս ընթացքում գնացել, հետաքրքրվել են, թե Չարբախի հավաքակայանում բժիշկն ինչ ներարկում է արել, սակայն ծնողներից գաղտնի են պահում բժշկի ինքնությունը: Ու ընդհանրապես, ամեն ինչ գաղտնի են պահում, որպեսզի ծնողները չկարողանան հասկանալ, թե կոնկրետ ում անտարբերության հետեւանքն է իրենց որդու հանկարծակի մահը:
«Եթե իրենք քրեական գործ են հարուցել, ապա ո՞ւմ դեմ են հարուցել, իրենք իրենց դեմ, հա՞: Իմ պահանջը բժշկի դեմ է, եթե իմ երեխային 37 աստիճան ջերմությամբ Չարբախի հավաքակայանից ներարկել ու ճանապարհ են դրել, ու այդ ներարկումը ճանապարհին այտուցվել է, ի՞նչ պատասխան պետք է տա: Իմ երեխան իր ընկերներին ասել է, որ սրսկած տեղը ցավում է: Այդ բժիշկը ստոր է, ինքը ինչքա՞ն պետք է թաքնվի, իմ անեծքն իր հետ է, եւ ես «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ասում եմ, որ չեմ լռելու»,-ասաց Նորայրի մայրը:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով):
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ