«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ: Դատական հայցը վարույթ է ընդունվել եւ կքննվի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Դրանից հետո լրագրող Ս. Գրիգորյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անթույլատրելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման անպատվաբեր մոտեցումները կամ այն քայլերը, որոնք չեն տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ էլ կոռեկտության, էթիկայի շրջանակներում: Մենք պետք է հասկանանք եւ ընդունենք մի բան, որ լրագրողներն իրենց աշխատանքն են իրականացնում, եւ որպես քաղաքացի, որպես մարդ, ինչպես յուրաքանչյուր անձի, այնպես էլ լրագրողի դեպքում պետք է լինել կոռեկտ եւ հարգել նրա մարդկային արժանապատվությունը: Ճիշտ է, կան դեպքեր, երբ լրագրողներն են կոռեկտության սահմանից դուրս գալիս, բայց սա ընդհանուր մոտեցման հետ կապ չունի: Միմյանց պետք է հարգենք, եւ այդ երեւույթը, որը տեղի է ունեցել, ուղղակի անթույլատրելի է:
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ վիրավորանքի համար լրագրողը կամ, ասենք, օրաթերթը քրեական գործ հարուցելու դիմում էլ պետք է գրի, քանի որ խոսքը ոչ միայն բարոյական պատասխանատվության մասին պետք է լինի, այլեւ քրեական էլեմենտների առկայության հանգամանքն է շատ կարեւոր: Նախ նշեմ, որ գործարար հասկացողությունն ինձ համար շատ կասկածելի է, եւ ես ավելի շատ այս մարդկանց կհամարեմ օլիգարխներ, որոնք հովանավորվում են իշխանության կողմից, եւ ինչպիսին իրենց հովանավորողներն են, այդպիսին էլ իրենք են: Այդ անպատժելիությունը գալիս է իրենց հովանավորներից: Նորմալ երկրներում, երբ կա մրցակցային դաշտ, եւ որտեղ գործարարը մտածում է իր համբավի մասին, նա հաշվետու է հասարակությանը, եւ նրա սխալ խոսքից կամ գործունեությունից իր բիզնեսը կտուժի հաստատ: Քանի որ այս դեպքում ազատ մրցակցությունը բացակայում է, ինքը մտածելու ոչինչ չունի, նրա համար կարեւոր է հովանավորների գնահատականը, այլ ոչ թե հասարակության կարծիքը: Իսկ թե այս պայմաններում դատարանում ինչ ընթացք կունենա գործը, դժվար է ասել՝ հիշելով որոշ դեպքեր, երբ մի կողմում օլիգարխն էր կանգնած, մյուսում՝ քաղաքացին, եւ դատարանն ակնհայտորեն պաշտպանեց օլիգարխին: Ես խորը կասկածներ ունեմ, որ Սերժ Սարգսյանի խոսքերը որեւէ նշանակություն ունեն: Այս խնդրում հարցերը շատ են, բայց պատասխանները… Մի բան լավ է, որ դատական գործընթաց է սկսվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
շարունակելի
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ