ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է, ինչ համատիրությունների եւ ջուր մատակարարող ընկերությունների միջեւ լուրջ անհամաձայնություն է առաջացել: Մասնավորապես, երբ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցի խողովակների խնդիր է առաջանում, բնակիչն անմիջապես դիմում է համատիրությանը, իսկ վերջինս էլ  պատասխանատվությունը գցելում է ջուր մատակարարող ընկերության վրա: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանի հետ:
««Երեւան ջուր» ընկերությունը վարձակալ ընկերություն է: Վարձակալության հանձնվող գույքի ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ է փոխանցվել: Ցանկի մեջ բացակայում են ներքին ցանցի կոմունիկացիաները, քանի որ, ըստ «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան համայնքի մասին» օրենքների, ներբակային ցանցը  պետք է լինի համատիրության կամ բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային սեփականություն կամ էլ համայնքի սեփականություն: Դրա համար էլ այդ ցանցերը ընկերությանը չտրվեցին վարձակալության: Այն, ինչը որ կոնկրետ պետությանն էր պատկանում,  պետությունը մեզ տվեց, բայց այն, ինչը որ անհատներին է պատկանում, վարձակալված չէ»,-բացատրեց Մալխասյանը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը խողովակները փոխելու պարտավորություն չի ստանձնել, դրանք պետք է փոխվեն կա՛մ բնակիչների կողմից, կա՛մ համատիրության. «Տարիներ առաջ բանակցություններ էին սկսվել մեր վարձատուի` քաղաքապետարանի հետ, եւ ընկերության կողմից առաջարկություն էր ներկայացվել այն մասին, որ մենք ստանձնեինք նաեւ ներքին ցանցերի որոշակի հատվածների պատասխանատվությունը: Այսինքն` դրսից մինչեւ առաջին հարկի հատակի նիշը ընկնող խողովակները: Հետո այդ առաջարկը չընդունվեց, քանի որ այն ֆինանսական ծանրաբեռնվածություն էր առաջացնում բաժանորդների համար: Այսինքն` տրամաբանորեն սակագնի փոփոխություն պետք է լիներ,  եւ մինչ օրս դեռեւս լուրջ քննարկում չի եղել այս ուղղությամբ»:
Մասնագետի խոսքով` այս խնդրի լուծման համար երկու տարբերակ կա. կա՛մ պատասխանատվությունը պետք է փոխանցել մասնագիտացված կառույցներին, եւ այդ դեպքում ծախսերը կարտացոլվեն սակագնի մեջ, կա՛մ էլ պետք է հզորացվի համատիրության ինստիտուտը. «Այս ինստիտուտը մինչեւ այսօր կայացած չէ: Պետք է իրավական առումով պարտավորություններ եւ ֆինանսական առումով ապահովություն տրվի մեզ»:
Մեր զրուցակցի կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն, որ ներքին ցանցի հետ կապված խնդիրներով պետք է անպայման դիմեն համատիրությանը:
«Եթե բանը հասնում է համատիրությունների նախագահներին, նրանք ստում են, երբ պատասխանում են, որ իբր դա իրենց պարտավորությունների մեջ չի մտնում: Նրանք չունեն այդ ֆինանսական միջոցները, աշխատուժը, մասնագետները, դրա համար նրանք ամեն կերպ աշխատում են սխալ ինֆորմացիա տարածել, որ դա իրենց պարտավորություններից դուրս է: Բայց հասկանալի է նաեւ այն, որ մեր ժողովուրդն էլ համատիրություններին համապատասխան վճարումներ չի անում, վերջիններս էլ ֆինանսապես ապահովված չեն, դրա համար էլ այսպիսի իրավիճակներ են ստեղծվում»,-նկատեց Ա. Մալխասյանը:
Բացի այդ, նա նշեց, որ մինչեւ խնդիր չի ծագում բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում, ոչ ոք չի անդրադառնում դրան: Սպասարկման մեջ նաեւ մտնում է փորձաքննությունը, այսինքն` համատիրությունների ինժեներները պարտավոր են ինչ-որ պարբերականությամբ այցելություններ անել եւ ստուգել խողովակները:
Մալխասյանից տեղեկացանք, որ ժամանակին օգտագործված պողպատե խողովակների կենսունակությունը կախված է նրանից, թե ինչ պարբերականությամբ են խողովակները  ներկել եւ  մաքրել: «Պողպատե խողովակի կյանքը առավելագույնը 50 տարի է: Սակայն հիմա կան ավելի էժան ու երկարակյաց` պլաստմասե խողովակներ, դրանց ծառայության ժամկետը մոտ 120 տարի է, եւ դրանք պողպատե խողովակներից երկու կամ երեք անգամ էժան են»,-լրացրեց նա:  
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մաղաքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շենքում բոլոր խողովակների վթարների պատասխանատուն միայն համատիրությունն է: «Ջրամատակարարումը մինչեւ ջրաչափ սպասարկում է «Երեւան ջուր»-ը, իսկ ջրաչափից հետո սպասարկում է համատիրությունը: Եթե ունենք վթարներ, ապա արագ կարգով վերացնում ենք դրանք, բայց մինչեւ այսօր վթարներից ոչ մի ձայն չկա»,-նկատեց նա:
Մաղաքյանի հավաստմամբ՝ համատիրության նախագահներն ունեն ինժեներներ, որոնք ամիսը երկու անգամ շրջում են շենքերով եւ ստուգում վթարների առկայությունը: Ի դեպ, «Երեւան ջուր» ընկերության եւ համատիրությունների փոխհամագործակցությունը նա գնահատեց բավարար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս