ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Նիգավան գյուղի բնակիչ Հարություն Համամջյանը բաց նամակով դիմում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Նրա խոսքով՝ իր հիվանդությանը բուժում կա, սակայն գումար չունենալու պատճառով ինքը լիարժեք բուժում չի ստանում:
«Հարգարժան պարո՛ն նախարար, ես 2008-ին ստացել եմ ուղեղի ցնցում՝ ծանր ու վտանգավոր ախտորոշմամբ: Իսկ 2010-ին գլխուղեղիս այդ վնասվածքը հետվնասվածքային սրացում ստացավ: Բժիշկների հանցավոր, կանխամտածված անտարբերության եւ սխալ ախտորոշման պատճառով հիմա հաշմանդամ եմ դարձել, սակայն հաշմանդամությանս կարգը չեն տալիս անհեթեթ պատճառաբանությամբ: Այս 4 տարիների ընթացքում ես յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պետք է բուժման կուրսեր անցնեի, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն տարին մեկ անգամ եմ անցնում: Իսկ վերջին 19 ամիսների ընթացքում ես պետք է բուժում ստանայի, բայց գումար չունենալու պատճառով չեմ ստացել: Այս 4 ամիսների ընթացքում Ապարանի նյարդաբանն է դեղորայք նշանակել: Ես եմ ինձ սրսկել: Առողջությունս շատ է վատացել: Ուղեղի ցնցում ստանալուց հետո ավելի քան 4 տարի նորմալ ստացիոնար բուժում չեմ ստացել:
Ապարանի բուժկենտրոնը ինձ անվճար բուժօգնության շրջանակներում ուղեգրել է Երեւան, բայց բանից պարզվում է, որ գանգուղեղի հետազոտման եւ բուժման համար գլխուղեղի կոմպյուտերային տամոգրաֆիա չի ենթադրվում: Այդպես էլ ինձ համար անհայտ մնաց, թե բժշկական մուրճով ծնկին խփելուց հետո ինձ ինչ դիագնոզ պետք է տան եւ ինչ դեղորայքով բուժեն: Չինովնիկներն անընդհատ ասում են, թե գնա՛, որտեղ ուզում ես բողոքի՛ր: Եւ նրանք մինչեւ հիմա չեն սխալվել, քանի որ իմ գրեթե 4 տարվա բոլոր դիմումները` ուղղված ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին, ինչպես նաեւ փոխվարչապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ Արագածոտնի մարզպետարան, տառացիորեն արհամարհվել են եւ մնացել անպատասխան:
Պարո՛ն նախարար, Դուք շատ լավ արդեն ինձ ճանաչում եք եւ իմ մասին ցանկացած ինֆորմացիայի տիրապետում: Ես Ձեզ արդեն ներկայացրել եմ 34 էջից բաղկացած հայտարարություն, թե ինչպես են բժիշկները եւ չինովնիկներն ինձ ֆիզիկական եւ հոգեկան կտտանքների ենթարկել այստեղ` Հայաստանում՝ իմ երկրում, որտեղ ես ապրում եմ, ինչպես պանդխտության մեջ: Ես կկործանվեի, եթե հորեղբորս տղաները ինձ չօգնեին: Եթե Դուք մինչեւ հունվարի 30-ն ինձ ընդունելության չկանչեք, այն էլ լրագրողների եւ իրավապաշտպանների ներկայությամբ, ապա ես ստիպված կլինեմ երկրորդ անգամ դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ես պահանջում եմ ճիշտ բժշկական ախտորոշում եւ բուժում` ուղեղի ցնցման դեմ, կամ էլ նշանակե՛ք համապատասխան դեղորայք: Ինձ հնարավորություն տվե՛ք գոնե տնային պայմաններում ստանալ համապատասխան բուժում: Եթե այսպես շարունակվի, եւ ես օրական 8-10 կոճակ թունդ դոզայի դեղահաբ խմեմ` ըստ Ապարանի նյարդաբանի նշանակման, ապա ինձ մնացել է մի քանի ամսվա կյանք, մինչդեռ իմ հիվանդությանը բուժում կա»:
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ քաղաքացի Հարություն Համամջյան