«ՇԱՏ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԻ ԵՆՔ ՏԱԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ օրենք ընդունվեց «Հսկիչ նշանների միջոցով մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին», բայց նաեւ տրվեց 6 ամիս ժամանակ այդ կեղծ ու անորակ արտադրանքն օրինականացնելու համար: Մեր զրուցակիցն է «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ ՍՈՒՍԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, որը բավական հանգամանալից բացատրեց, թե ինչի համար է տրվել այդ 6 ամիսը, ինչպես նաեւ պատասխանեց մի քանի այլ հարցերի:
-Խնդիրն այն է, որ շատ CD-ներ ու DVD-ներ արդեն խանութներում են, հնարավոր չէ եղածը վերցնել ու ոչնչացնել, չէ՞ որ ծախսեր են արվել: Յուրաքանչյուր օրենք, երբ ընդունվում է, միշտ պետք է մտածել՝ նախկինում եղածի վերաբերյալ ինչ քայլեր կարելի է կիրառել: Օրենքը հստակ սահմանեց անցումային շրջան խանութներում եղած ապրանքի համար, տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի շատ վնաս չհասցվի պրոդյուսերներին, ստուդիաներին: Եթե այս ժամանակահատվածում եղածն էլ չվաճառվի, ուրեմն ապրիլ ամսից խանութի տնօրենը պետք է իր ունեցած սկավառակները վերադարձնի ստուդիաներին:
-Այդ վեցամսյա ժամկետը վերաբերում է ե՛ւ օրինական, ե՛ւ ոչ օրինական արտադրանքի՞ն:
-Բնական է, որ 90 տոկոսից ավելին անօրինական է արտադրվել: Անօրինական ասելով՝ հասկանում ենք այսպես` եթե իրավատերը թույլտվություն չի տվել, որ ամրագրվի, իսկ այստեղ հիմնականում 3 սուբյեկտ է` ով արտադրում է, խախտվում է նրա իրավունքը, երկրորդը` հեղինակը, ում գործը ամրագրվել է, երրորդը` նա, ով կատարել է: Օրինական է համարվում, երբ այս երեք սուբյեկտները տալիս են թույլտվություն, բայց կա նաեւ չորրորդ կողմ` հարկերը: Այդ օրենքը գրվեց, քանի որ չորսի իրավունքն էլ խախտվում էր:
Շատ ստուդիաներ փակվեցին, քանի որ ընդունեցին, որ անօրինական են աշխատում, ու որպեսզի ավելի մեծ քանակով չփակվեն, նրանց տրվեց 6 ամիս ժամկետ, դա նորմալ երեւույթ է:
-Ի՞նչ եք կարծում, այս ամենից հետո երգիչները կկարողանա՞ն կարգին գումար վաստակել, նրանք միշտ դժգոհում են, որ սկավառակների վաճառքից օգուտ չկա:
-Ես կարծում եմ՝ այս օրենքից վնաս չի լինի: Արդեն այնքան վնասների են ենթարկվել իրավատերերը, որ ավելի վնաս չի լինի: Օրենքը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 23-ից, եւ այդ օրվանից «Հայհեղինակ» կազմակերպություն են դիմում շատ իրավատերեր ու շատ ստուդիաներ, որոնք ուզում են օրինական արտադրանք ունենալ: Իրենք ուզում են ստանալ թույլտվություն կատարողներից, հեղինակներից, ստանալ դրոշմապիտակներ, վճարել հարկերն ու տալ խանութներին: Եթե ապրիլի վերջին դուք մտնեք խանութներ ու տեսնեք` դրոշմապիտակներ չկան, ապա խանութի տերը կպատժվի: Ու եթե 50 000 դրամից ավելի վնաս է հասցնում, նրան գործից կհանեն կամ այլ պատժի կենթարկեն:
-Հեղինակը կամ կատարողը Ձեր կազմակերպությանն անդամագրվելու համար որեւէ վճարում կատարո՞ւմ է:
-10 տարի ես այս աշխատանքն եմ կատարում, ու այս տարիների ընթացքում եւ ոչ մի հեղինակ չի կարող ասել, որ պայմանագիր կնքելիս ինքն ինչ-որ գումար է մեզ վճարել: Ամեն ինչ արվում է անվճար: Մեր տեսուչների միջոցով մենք օգտագործողների հետ պայմանագիր ենք կնքում: Երբ մենք օգտագործողներից գանձում ենք գումարները, այդ ժամանակ հեղինակներին փոխանցում ենք իրենց հասանելիք հոնորարները: Երբ հեղինակը մեզ հետ պայմանագիր է կնքում, այնտեղ կա կետ, որտեղ ասվում է, որ փողն արդեն իր հաշվին նստելուց հետո որոշակի գումար պետք է թողնի  կազմակերպությանը, որպեսզի մենք վճարենք մեր տեսուչներին, աշխատակիցներին:
-Հետաքրքիր է, իսկ ռեստորաններում հնչող երգերը նույնպե՞ս կարող են ամրագրվել «Հայհեղինակ» կազմակերպության կողմից:
-Որքանով է երգը որակյալ կամ անորակ, դա արդեն մեր խնդիրը չէ, եթե երգ է, ուրեմն ամրագրվում է:
-Իսկ ինչպե՞ս է վերահսկվում գործընթացը, թե որտեղ ու քանի անգամ է հնչում տվյալ երգը:
-Մեր տեսուչների միջոցով՝ չնայած հնարավոր չէ 100 տոկոսով ճիշտ վերահսկել, բայց փորձում ենք հասնել գոնե միջին վիճակի: Դա շատ բարդ աշխատանք է: Օրինակ՝ հեռուստաալիքներն արդեն փորձում են մեզ տալ ճշգրիտ ծրագրեր, իսկ ռեստորանները` ոչ: Նրանց հետ մենք ունենք խնդիրներ, ու կարծում եմ՝ այս տարի շատ ռեստորանների դատի ենք տալու: Նրանք խախտել են հեղինակային իրավունքները ու չեն վճարել:
-Ո՞վ է ամենապահանջված հեղինակը, ո՞ւմ երգերն են ամենից շատ հնչում:
-Մինչեւ հիմա ոչ ոք չի գերազանցել Առնո Բաբաջանյանին:
-Եթե նրա երգերը հնչում են, օրինակ, երգիչ Մհերի կատարմամբ, նա թույլտվությո՞ւն է վերցնում «Հայհեղինակ»-ից:
-Մհերը պարտաճանաչ վճարում է ու այդ երգերը ներկայացնում:
-Ո՞ւմ են փոխանցվում մահացած հեղինակների ստեղծագործությունների կատարման համար ստացված գումարները:
-Հեղինակի մահից հետո 70 տարվա ընթացքում ստանում են ժառանգները, իսկ հետո այդ ստեղծագործությունները դառնում են հանրության սեփականությունը: Այդ ժամանակ արդեն կարելի է ազատ օգտագործել` առանց թույլտվության ու վճարման:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս