ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Գվատեմալայում զինված հանցագործները սպանել են Խուտիապա քաղաքի քաղաքապետին` վարսավիրանոցի սրահում: Դեպքը կատարվել է այն պահին, երբ քաղաքապետ Կառլոս Կաստիլյոն պաշտոնական միջոցառումից առաջ մտել է վարսավիրանոց: Քաղաքապետը մահացել է բազմաթիվ հրազենային կրակոցներից: Հանցագործներին հաջողվել է փախչել:

ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ինչպես գրում է ITAR-TASS-ը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ուժեղ ձնաբքի պատճառով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 890 մարդ: Տուժածների մեծ մասը վնասվածքներ է ստացել սառած փողոցներում ընկնելու հետեւանքով: Եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է Ճապոնիայի հյուսիս-արեւմուտքի 12 մայրուղիների երթեւեկությունը: Տոկիոյի միջազգային «Նարիտա» եւ հիմնականում ներքին չվերթեր իրականացնող «Հանեդա» օդանավակայաններում շուրջ 5000 մարդ գիշերն անցկացրել է սպասասրահներում:

ԳՆԱՑՔ Է ԱՌԵՎԱՆԳԵԼ
Շվեդիայում 20-ամյա հավաքարարը որոշել է գողանալ ուղեւորական գնացքը, բայց չկարողանալով վարել այն՝ Ստոկհոլմի արվարձաններում մխրճվել է բնակելի շենքի մեջ: Գնացքը մխրճվել է շինության պատի մեջ, եւ առաջնային վագոնների կեսը հայտնվել է բնակարաններից մեկի խոհանոցում: Միջադեպն ավարտվել է առանց զոհերի, քանի որ գնացքում ուղեւորներ չեն եղել, իսկ տան 5 բնակիչները գտնվել են այլ սենյակում: Առեւանգողը ծանր վնասվածքներ է ստացել եւ ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց:

ՀԱՐԲԱԾ ՈՐՍՈՐԴԸ
Ուկրաինայի Բելոյե Ռովենսկո գյուղում 22-ամյա երիտասարդը սրճարանի պատուհանից  որսորդական հրացանից կրակ է բացել, որի հետեւանքով վիրավորվել է 8 մարդ: Ոստիկանության աշխատակիցները կալանավորել են կասկածյալին: Չգրանցված հարթափող հրացանը, որից կրակել է կասկածյալը, առգրավվել է: Կրակողը հարեւան գյուղում բնակվող մասնավոր անտառտնտեսության որսորդներից մեկն է եւ եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս