ՀԱՐՑ. Վերջերս լսեցի, որ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրական համակարգում գործում է նաեւ Բոնուս-մալուս համակարգ: Ցանկանում եմ տեղեկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ նպատակով է գործում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բոնուս-մալուս համակարգն իրենից ներկայացնում է ապահովադրի ռիսկի գնահատման մեխանիզմ, որի միջոցով փոփոխության է ենթարկվում ապահովագրավճարը` կախված տվյալ ապահովագրական պայմանագրի գծով գրանցված եւ այդ պայմանագրի կնքմանը նախորդող որոշակի ժամանակահատվածի ապահովագրական պատահարների պատմությունից: Այսինքն՝ Բոնուս-մալուս համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ապահովագրի նկատմամբ կիրառել անհատական մոտեցում, արդյունքում՝ կարգապահ վարորդը կվճարի ավելի քիչ, իսկ ռիսկային վարորդները՝ ավելի շատ: Այլ կերպ ասած՝ Բոնուս-մալուս համակարգը ապահովադիրներին բաշխում է ըստ ռիսկայնության տարբեր դասերի, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի գործակից: Այդ գործակցի մեծությունից էլ կախված է ապահովագրավճարի փոփոխության չափը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, նորմալ եւ սպառիչ պատասխան է, որը տալիս է անհրաժեշտ տեղեկատվությունը: Բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել մի իրողություն, որ բոլոր նման համակարգերն առաջին հերթին աշխատում են ի շահ ապահովագրական ընկերության: