Այսօր՝ հունվարի 21 -ին մեկնարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այսօրվանից բոլոր թեկնածուներն անվճար եւ վճարովի եթերաժամակ կունենան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում, ինչպես նաեւ կարող են եթերաժամ գնել մասնավոր հեռուստառադիոընկերություններում: Ընտրական օրենսգրքի համաձայն` թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե ավճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, 120 րոպե` հանրային ռադիոյում:
ԿԸՀ-ում կայացած վիճակահանության արդյունքներով` հունվարի 21-ին առաջին անվճար եթերից կօգտվի թեկնածու Պարույր Հայրիկյանը, իսկ փետրվարի 16-ին այն կեզրափակի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախընտրական քարոզարշավը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվի ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով` օրական երկու անգամ` ժամը 13.30-ից եւ 21.40-ից սկսած:
Քարոզարշավը կավարտվի փետրվարի 17-ի կեսգիշերին: Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18 -ին, ժամը 08.00- 20.00 –ն: Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի փետրվարի 18-ին: Առաջադրված են 8 նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ, “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի մաս կազմող “Ազատութուն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և գործազուրկ Վարդան Սեդրակյանը: