ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
“Հունվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին, որում այն համոզմունքն էր արտահայտում, որ նախկինում ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների արդյուքները կեղծվել են: Ընտրությունները կեղծվել են Հայաստանից հեռացած հարյուր հազարավոր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հօգուտ “հաղթող” իշխանական թեկնածուի հաշվարկելու միջոցով: Ելնելով այն իրողությունից, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 49 հոդվածի 1-ին կետի հենց ԿԸՀ-ն է հանդիսանում ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախկինում ընտրությունների ժամանակ կիրառված զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու համար առաջարկեց, որ ՀՀ ԿԸՀ-ն հրապարակի պաշտոնական վիճակագրական տվյալներ ՀՀ անկախացումից ի վեր՝
ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,
ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,
ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ:
Հունվարի 19-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն այս առաջարկը որակեց որպես տեղեկատվություն ստանալու պահանջ, մերժեց ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու մասին առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած քաղաքացիների վերաբերյալ մասով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը վերահասցեագրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
Մենք ստիպված ենք պարզաբանել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ էր, այլ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելու միջոցով զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու պահանջ: Ներկայումս Հայաստանում ոչ ոք, այդ թվում նաև ԿԸՀ-ի անդամները, պատկերացում չունի, թե Հայաստանում իրականում որքան ընտրող է մնացել: ԿԸՀ-ի նիստի ընթացքում Արման Մելիքյանի կողմից արված այս պնդումը ԿԸՀ անդամներից որևէ մեկի կողմից չվիճարկվեց: Մեր համոզմամբ, այս անորոշությունը նախկինում հնարավորություն է տվել, որպեսզի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը հավելագրվի առնվազն 400-500 հազարով: Հավելագրումն օգտագործվել է իշխանության թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով:
Մեզ համար կարևոր է, որ՝
ԿԸՀ նիստի ընթացքում այդ կառույցի անդամներից և ոչ մեկը չվիճարկեց նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիների ձայներն իշխանական թեկնածուի օգտին հաշվարկելու վերաբերյալ արված պնդումը,
օրինաչափ համարեց ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալներ հրապարակելու մասին առաջարկըև այն վերահասցեագրելով ՀՀ Ոստիկանության ԱՎՎ:
Մենք գտնում ենք, որ քանի դեռ փոխհամաձայնություն չկա ՀՀ-ից մեկնած քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ, պահպանվում է ընտրությունները կեղծելու բացառիկ հնարավորությունը:
Եթե ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությունը հրապարակի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերող թվային տվյալները, մենք դա կգնահատենք, որպես իշխանությունների բարի կամքի դրսևորում և իրավիճակը շտկելու ցանկության ապացույց:
Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ խնդիրը կարող է լուծում ստանալ միայն այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք բերվի ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ: Այդպիսի լուծում հնարավոր է քաղաքական փոխհամաձայնության առկայության դեպքում:
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովված չէ, քանի դեռ վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները: Ելնելով այդ իրողությունից Արման Մելիքյանը, առաջնային համարելով ընտրությունների օրինական անցկացումն ապահովող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, գտնում է, որ այս պահին դեռևս հիմքեր չկան գալիք ընտրությունները համարելու իրավաչափ և օրինական:
Իրավիճակն էԲլ ավելի մտահոգիչ են դարձնում տեղեկություններն այն մասին, որ որպես ՀՀԿ- ի կողմնակիցներ ներկայացող կասկածելի անձինք սկսել են ընտրակաշառք տալու խոստումներ շռայլելով քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրել: Լուրեր են ստացվում նաև այն մասին, որ ներքին կարգով հրահանգված է շենքերի լիազորներին տեղեկատվություն տրամադրել իրենց շենքերում գրանցված, սակայն ՀՀ-ից բացակայող քաղաքացիների վերաբերյալ:
Արման Մելիքյանի որոշմամբ իր նախընտրական շտաբի գործունեությունը ուղղված է լինելու բացառապես ընտրությունների օրինականության ապահովման խնդրի լուծմանը:
Այս պահին իշխանություններին ուղղված պահանջն է՝
գ հաղորդել արժանահավատ տեղեկություններ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Առանց այս հարցում հստակություն հաստատելու, մենք չենք կարող ունենալ օրինական ընտրություններ և դրանց միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանություն:
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբ”։